«Այն մեթոդները, որով բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին, դուրս են բոլոր օրենքներից». Թագուհի Թովմասյան
Ժամեր առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ոստիկանները բիրտ ուժ գործադրելով՝ բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Իրավապաշտպանի այս գրառումից րոպեներ անց Antifake նախաձեռնությունը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են բիրտ ուժով բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին։
Տեսանյութում դիմակավորված անձինք հետևից մոտենում են Նարեկ Սամսոնյանին, նրան գցում են գետնին, դեմքը սեղմում գետնին, ձեռքերը ոլորում ու ձեռնաշղթաներ դնում։ Ներկաներից մեկը, ով քաղաքացիական հագուստով էր, խոչընդոտում է տեսարանը նկարահանող քաղաքացուն՝ ձեռքով փակելով հեռախոսը։
Նարեկ Սամսոնյանին ձերբակալելուց անմիջապես հետո Ֆեյսբուքում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը գրեց, որ նա ձերբակալվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ այն մեթոդները, որով բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին, դուրս են բոլոր օրենքներից։
«Տեսա, թե ինչ բիրտ ուժի կիրառմամբ ու նսեմացուցիչ գործողություններով բերման ենթարկեցին Նարեկ Սամսոնյանին։ Հրապարակված տեսանյութի կադրերում այդ ամենը երևում է, նույնիսկ ոստիկանական ագրեսիան կադրերից թաքցնել հնարավոր չէ։ Օգնականիս արդեն հանձնարարել եմ, նա ոստիկանությունից փորձում է ճշգրտումներ անել՝ հասկանալու, թե ինչու են Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկել նման բիրտ ուժի կիրառմամբ։ Մինչև այս պահը մենք որևէ հստակ պատասխան չունենք, քանի որ ոստիկանությունում մեկը մյուսի վրա պատասխանատվություն գցելով կամ ուղղակի հեռախոսներին չպատասխանելով՝ չեն տեղեկացնում, թե ինչու է քաղաքացին նման վիճակում հայտնվել»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Նա ընդգծեց՝ երբ ոստիկանությունից ստանա պատշաճ պատասխան տեղի ունեցածի վերաբերյալ՝ կհանրայնացնի։
Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ ոստիկանությունն անհարկի ագրեսիա է կիրառել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, ով որևէ բանից չի խուսափել։
«Եթե մտավախություն ունեին, որ նա կարող է թաքնվել, կարող էին գնալ նրա ուղիղ եթերի ժամանակ, եթե իրենց համար այդքան անհետաձգելի խնդիր էր։ Ակնհայտ է, որ իրավապահները խնդիր են դրել լուծել այլ հարց կամ տեսարան բեմադրել, ինչը դատապարտելի է՝ ժողովրդավարական «բաստիոնում» անթույլատրելի է նման վերաբերմունք քաղաքացու, հանրային գործչի, առավել ևս՝ ընդդիմադիր տեսակետ ունեցող քաղաքացու նկատմամբ»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։