Բանակը Տավուշում հետ քաշվելու անօրինական հրամանը կարող է չկատարել. Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշ և հնչեցրած հայտարարություները ցույց են տալիս այդ գործընթացում առկա Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները։
«Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։
Հատվածական սահմանազատումը հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը, և այդ հատվածում հավելյալ վտանգներ են ստեղծվելու սահմանամերձ բնակավայրերի համար։ Ռազմավարական նշանակություն ունեցող այդ հատվածի ճանապարհահատվածի հսկողությունն Ադրբեջանի կողմից բազմապատկելու է ՀՀ անվտանգության սպառնալիքները»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար նախապայմաններ չկան, և այդ ընթացակարգերը խախտվում են, քանի որ Ադրբեջանի հետ չկա որևէ համաձայնագիր։ Այդ գործընթացի առաջին կետը սահմանազատումն է, ինչը նշանակում է աշխատել քարտեզների վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում երեկ հստակ հայտարարեց, որ որևէ քարտեզ չկա։
«Այդ ամենը չարած, Նիկոլ Փաշինյանը գնում է Տավուշի մարզ, ժողովրդի մոտ ստեղծում մտահոգություններ և ասում, թե իրականում սահմանագծում ենք իրականացնելու։ Իսկ սահմանագծում՝ նշանակում է տեղում իրականացնել գործընթաց, զորքերի կամ բնակչության հետ քաշել և կահավորել այդ սահմանը։ Սա դավաճանական պահվածք է սեփական ժողովրդի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս գործընթացում ներառված մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն, բանակում ու սահմանամերձ բնակավայրերում կան մարդիկ, որոնք կարող են հրաժարվել այս անօրինական գործընթացը կատարելուց։
Յուրաքանչյուր զինվորական, քաղաքացի հասկանում է, որ այս գործընթացը անօրինական է, ընթացակարգերի խախտումը հանցագործություն է, և այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքների մեջ է մտնում»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում