Չենք կարող մեր ինքնությունը պահպանել Եվրոպայում որևէ տեղում ժենգյալով հաց թխելով, պետք է լինենք համահավաք. Լեռնիկ Հովհաննիսյան
«Ադրբեջանն Արցախում վերացնում է մեր բոլոր հուշարձանները»,- այս մասին Ազատության հրապարակում արցախահայության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի արցախահայության նկատմամբ էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականության հետևանքով Արցախը ոչ միայն զրկվել է իր բնիկ բնակչությունից, այլ համարյա 6000 պատմամշակութային հուշարձանները մնացել են թշնամու տիրապետության և կորստի վտանգի տակ։
Նրա որակմամբ, Ադրբեջանը ոչնչացնելով մեր մշակութային ժառանգությունը՝ ունի մեկ նպատակ՝ կտրել մեզ արմատից, ինքնությունից, որի լուռ վկաներն են այսօր Արցախում մնացած մեր հոգևոր մշակութային կոթողները, մեր մոնումենտալ արվեստի հուշարձանները, հնագիտական պեղավայրերը, որոնք քայլ առ քայլ ոչնչացվում են։
Լեռնիկ Հովհաննիսյանն արձանագրեց՝ Ադրբեջանն արդեն իսկ խախտել է բոլոր միջազգային կոնվենցիաները, այդպիսի օրենք և կետ չկա միջազգային իրավունքի մեջ, որ խախտած չլինի։
«Այսօր մեր միասնական ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք կանգնեցնել այդ ձեռքը, որովհետև հստակ նպատակադրումով Ադրբեջանը սկսել է մեր 1994 թվականից հետո կառուցված բոլոր հուշարձանների ոչնչացումը, հաջորդիվ սկսելու է մեր բոլոր միջնադարյան հուշարձանների վրա հայկական բոլոր արձանագրությունները վերացնել։ Ադրբեջանն այս հարցում բազմազան ձևեր է կիրառում»,- ասաց նա։
Հովհաննիսյանն ասաց, որ կարող ենք միասնական ջանքերով ամեն օր, ամեն ժամ աշխատել միջազգային հանրության հետ և փրկել մեր ժողովրդի ամենակարևոր՝ ինքնության բաղադրիչը՝ մշակութային ժառանգությունը։
Նրա խոսքով, որքան էլ ՀՀ իշխանությունների կողմից տարբեր խոչընդոտներ ստեղծվեն, եթե ուզում ենք ինքնությունը, մշակույթը, մեր բարբառը պահպանենք, մի արտագաղթեք, Ձեր ինքնությունը չեք կարող Մոսկվայում կամ եվրոպական որևէ երկրում պաշտպանել։
«Պետք է համահավաք լինենք մեր հայրենիքում՝ ՀՀ-ում, դրանով իսկ հիմք ստեղծելով դեպի Արցախ վերադարձի համար»,- ասաց նա։