Անհերքելի է, որ 2018թ. և 2021թ. Փաշինյանը վարչապետ դարձավ գեոպոլիտիկ կոնսենսուսի շնորհիվ, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ. Արմեն Աշոտյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն ամենշաբաթյա հարցուպատասխանի ֆորմատով շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:
Հարց 5 – Նարինե Սահակյան
Նորից բացահայտ ատելության խոսք է սկսվել ՌԴ-ի դեմ. ինչի՞ կբերի այս քաղաքականությունը, մենք մինչև ե՞րբ ենք ունենալու մահեր և կորուստներ։
Արմեն Աշոտյան- Պետք է հստակ արձանագրել, որ երբ քննադատում ենք քաղաքականությունը, որ վարում է Նիկոլը, դա անում ենք բացառապես հայկական շահերից ելնելով, և ոչ թե ներկայացնելով Կրեմլի շահերը։
Անգամ եվրոպացիներն են բարձրաձայնում, որ Ռուսաստանի փոխարեն՝ Հարավային Կովկասում նախընտրում են Թուրքիային։ Այո՛, ռուսներն իդեալական դաշնակիցներ չեն (եթե այդպիսիք առհասարակ լինում են), ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում, մեղմ ասած, անհասկանալի էր դեռևս 2018թ.-ի թավշյա իշխանազավթումից սկսած։
Որքան էլ ոմանց հիմա դուր չի գալիս այս դառը ճշմարտությունը, բայց անհերքելի է, որ 2018թ.-ին և 2021թ.-ին Փաշինյանը վարչապետ դարձավ գեոպոլիտիկ կոնսենսուսի շնորհիվ, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։ Պարզ էր, որ նա ինչ-որ մեկին գցելու է իր գեոպոլիտիկ խաղերի մեջ, և այլևս անթաքույց է, որ նա ընտրել է արևմտյան բևեռը։
Հիշեցնեմ, թե ինչպես էր Փաշինյանը 2018թ.-ի միտինգներին ինքնամոռաց հիշատակում և հրճվում Մարիա Զախարովայի մեկնաբանություններով, ինչպես խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ Սիրիա ուղարկվեց հայկական զորախումբ, ինչպես էր ռուսական կենտրոնական մեդիաներով Զելենսկիին խորհուրդներ տալիս Պուտինի հետ աշխատելու հարցով, և այլն։
Զավեշտ է, երբ իրենց հակառուսականությունը Փաշինյանը և իր թիմը հիմա հրամցնում են մեզ՝ որպես «սուվերենության, անկախության համար պայքար»։ Ադրբեջանը և Թուրքիան կանոնավոր կերպով ոտնահարում են մեր ինքնիշխանությունը, սակայն Նիկոլը համառորեն լուռ է այս ուղղությամբ, ավելին, նաև համաձայնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին, օրենքով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով։
Եվ այս ֆոնի վրա ինքնիշխանության համար պայքարում թիրախ դարձնել Ռուսաստանը, իրականությանը չհամապատասխանող բլեֆ է։ Այո՛, մենք կախված ենք Ռուսաստանից ճիշտ այնպես, ինչպես Կանադան՝ ԱՄՆ-ից, Մոնղոլիան՝ Չինաստանից, Խորվաթիան՝ Գերմանիայից, էլ չասեմ բազմաթիվ երկրների հետկոլոնիալ կախվածությունների մասին։
Հայաստանը չունի որևէ ռեսուրս՝ ներգրավվելու գեոպոլիտիկ պատերազմի մեջ ՌԴ-ի և Արևմուտքի միջև՝ ո՛չ մարդկային, ո՛չ տարածքային, ո՛չ բնական պաշարների։ Ավելին, Հայաստանը չունի նաև ոչ մի շահ՝ դառնալու գեոպոլիտիկ նորակոչիկ։ Դա մեր պատերազմը չէ։
Հարգանքով՝
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
09.03.24 թվական
Մանրամասները՝ տեսանյութում: