
Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները

Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները։ Ադրբեջանցի վանդալները ոչ միայն շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը այլ նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։ Այս մասին հայտնում է Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։