Վճռական ենք աջակցել Հայաստանին քաղաքականապես և ըստ անհրաժեշտության․ Կիպրոսի ԱԳ նախարար

Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, ուստի Կիպրոսը պատրաստ է աջակցել Հայաստանին թե ՛ քաղաքական, թե ՛նյութական տեսանկյունից:

Այս մասին շեշտեց Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը Երևանում Հայաստանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի զարգացումներին՝ նախարարը հիշեցրեց, որ Կիպրոսն առաջին իսկ պահից իր միանշանակ աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին և մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանության պատճառով առաջացած կարիքները հոգալու համար:

«Ագրեսիան, ռեվիզիոնիզմը, տեղահանումը, այս բոլորը անհանդուրժելի գործիքներ են միջազգային համայնքների տեսանկյունից: Հարկադրանքը և ուժի կիրառումը չեն կարող երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք լինել: Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, ՄԱԿ-ի կանոնադրությանը նվիրվածությունը մեզ համար կարևոր սկզբունք է: Մենք՝ որպես միջազգային համայնք, պարտավոր ենք դեմ կանգնել ագրեսիային, ռեվիզիոնիզմին և աջակցել Հայաստանին՝ թե քաղաքական, թե նյութական տեսանկյունից»,-ասաց նախարարը:

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման բոլոր ջանքերը: Նա վստահեցրեց, որ Կիպրոսը սատարում է հայ բարեկամներին այս հարցում:

Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի պայմաններում միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵՄ-ն, Կիպրոսը, ի՞նչ անելիք ունեն՝ կանխելու նոր սրացումը՝ Կիպրոսի ԱԳ նախարարը շեշտեց, որ բոլորը հանձնառություն են կրում և պետք է կրեն՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Այլընտրանք չկա:

«Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պետք է հայտարարվի բոլորի կողմից, պետք է համառ և հետևողական լինենք այս ուղերձն առաջ տանելու հարցում»,-ասաց Կոմբոսը:

Կիպրոսի ԱԳ նախարարը կարևորեց շարունակական ջանքերը հաշվետվողականության ուղղությամբ: Նա կարևորեց միջազգային հանրության ուշադրությունը վեճերի խաղաղ հանգուցալուծման վրա պահելը:

Կիպրոսը հետևում է այդ սկզբունքային դիրքորոշմանը: Նախարարն ընդգծեց, որ Կիպրոսը ևս ագրեսիայի, անօրինական ներխուժման զոհ է, հուլիսին կլրանա Թուրքիայի կողմից ապօրինի ներխուժման 50 տարին: «Այլ լուծում չենք կարող տեսնել, քան բարձրաձայն կերպով մեր հավատարմությունը հայտնել այն սկզբունքներին, որոնք պետք է իշխեն միջազգային հանրությունում»,-նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս