Վարչապետի տեսակետն է` մինչ աշուն եմ հայտ ներկայացնելու, բայց մինչև այդ շատ բան կարող է փոխվել. «Հրապարակ»
Մինչ Ռուսաստանը փորձում է Հայաստանին նախազգուշացումներով հետ պահել դեպի Եվրոպա գնալուց, երեկ էլ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Արեւմուտքը` ի դեմս Հայաստանի, նոր զոհ է փնտրում, ու Հայաստանին կոչ արեց` չկրկնել Ուկրաինայի սխալը, Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն քննարկում են Հայաստանի` ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցը։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն էր իշխանական ֆրակցիայի հետ փակ հանդիպում ունեցել եւ հայտնել, որ իրավիճակը մեզ տանում է այդ ուղղությամբ` ամենաուշը մինչեւ աշուն պետք է հայտը ներկայացնենք: Իսկ երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ քննարկել հնարավոր քայլի հետեւանքները։ Ընդգծելով ՀՀ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից՝ ԱԽՔ-ն նշել է, որ պետք է որոշակի երաշխիքներ ունենալ՝ արդյոք Արեւմուտքը կդիվերսիֆիկացնի՞ այդ կախվածությունը, եւ ՌԴ հնարավոր սանկցիաները կաթվածահար չե՞ն անի մեր պետությունը։
Այդուհանդերձ, իշխանական թիմում առանձնապես խանդավառված չեն դեպի Եվրոպա «ճամփորդությունից», եթե չասենք` մեծամասնությունը մտահոգ է՝ հասկանալով, որ գուցե ՌԴ-ն լավ դաշնակից չէ, բայց կարող է շատ վատ թշնամի լինել, ուստի չի կարելի շտապողականություն դրսեւորել եւ անվերադարձ փչացնել հայ-ռուսական երբեմնի բարեկամական հարաբերությունները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ ՔՊ-ական պատգամավորներից շատերը երեկ հրաժարվում էին այս թեմայով խոսել, բայց մասնավոր զրույցներում հույս էին հայտնում, որ Փաշինյանը քննարկումների արդյունքում կհրաժարվի այդ մտադրությունից։
Միայն ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը չթաքցրեց իր մտահոգությունները։ «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ նման գործընթացներում շտապողականություն չպետք է դրսեւորել, դա չի կարող օգտակար լինել»,- ասաց նա: Եվ հարցն այն չէ, որ դրա հետեւանքով Հայաստանը կարող է Ռուսաստանից «ապտակ» ստանալ, խնդիրը, ըստ պատգամավորի, այն է, որ նման գործընթացներում կտրուկ տեղաշարժերը կարող են «անցանկալի եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ» պետության համար՝ հենց թեկուզ տնտեսական ոլորտում։ Աղազարյանը վստահ է, որ օրենսդիր իշխանությունում` ի դեմս ՔՊ խմբակցության, ԵՄ-ին անդամակցության հայտի մասով չեն շտապում:
Նա մեզ հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունը, որ փակ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ամենաուշը մինչեւ աշուն պետք է հայտը ներկայացնել․ «Մինչեւ աշուն կարող է պատահի քննարկումներն այնպես ընթանան, որ արդեն նպատակահարմար չլինի»: Իսկ ինչո՞ւ մինչեւ աշուն։ «Դա վարչապետի տեսակետն է, որովհետեւ ինքը տիրապետում է բացարձակ ինֆորմացիայի, հետեւաբար՝ մենք իր տեսակետը հաշվի առնում ենք, բայց քննարկումներում յուրաքանչյուրս մեր տեսակետն ենք արտահայտում, կարծիքների բախումներ են տեղի ունենում, եւ նոր գալիս ենք ընդհանուր եզրահանգման։ Այո, տպավորություն կա, որ գործադիրը, քանի որ վարում է արտաքին քաղաքականությունը, ավելի հստակ է իր դիրքորոշման մեջ, բայց այդ դիրքորոշումը պետք է նաեւ մեր միջով անցնի, ճշգրտումներ մտցնենք եւ այլն»։ Ի՞նչ է տալու Հայաստանին ԵՄ անդամության թեկնածու դառնալը։ «Սա ամենասարսափելի հարցն է, որը հնչում է, ես դրա պատասխանը չունեմ, դրա պատասխանը պիտի ստանանք առաջիկա քննարկումների ժամանակ։ Դուք ասում եք՝ Արեւմուտքի պահանջն է, ես՝ ինքս, որպես քաղաքացի, պատրաստ չեմ որեւէ մեկի պահանջին ենթարկվել»։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հարավային Կովկասում խաղաղության մասին օրերս ասել էր․ «Բացի ԵՄ ներգրավվածությունից, մենք սպասում ենք նաեւ Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը»: ՔՊ-ական պատգամավորին հարցրինք՝ այս հայտարարությունից հստակ չէ՞, որ Արեւմուտքը մեր տարածաշրջանում Թուրքիան է, եւ դեպի ԵՄ ընտրությունը հանգեցնելու է ՌԴ-ին տարածաշրջանից հանելուն, Թուրքիային բերելուն։ «Դե, դրա համար եմ ասում, որ քննարկումների փուլում ենք դեռ եւ դրանց արդյունքում կունենանք շատ հարցերի պատասխանը»։
Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի խմբակն ամեն գնով փորձում է Հայաստանը դարձնել գործիք Ռուսաստան-Արեւմուտք առճակատման մեջ։ «Սա ամենավտանգավոր գործընթացն է: Չի կարելի արհեստականորեն ստեղծել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը Հայաստանին դիտարկի որպես թշնամի, կամ Իրանը Հայաստանին՝ ոչ վստահելի հարեւան: ՀՀ իշխանությունը սկուտեղի վրա մատուցել է Հայաստանը՝ որպես 2 կենտրոնների վեճի հարթակ, դաշտ: Սրանից պետք է դուրս գանք: Ինչո՞ւ ես արհեստականորեն տանում մի տեղ, որտեղ շանս չունես փրկվելու: Լինելով շախմատիստ՝ մտնում ես բոքսի հրապարակ, այն էլ՝ մերկ ձեռքերով: Իր խոսքերով՝ ցլերի դեմ ենք դուրս գալիս: Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ»,- ասում է Մինասյանը։ Նրա խոսքով, ԵՄ անդամության հայտ ներկայացնելով՝ վերջնականապես թշնամացնելու ենք Ռուսաստանին եւ մեր անվտանգային համակարգն ենք զրոյացնելու, փոխանակ դրա վերականգնմանն ուղղված քայլեր անենք։ Դա տնտեսական աշխուժություն էլ չի բերելու Հայաստանին։ Նա հիշեցնում է՝ Հայաստանը երկար տարիներ եղել է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգի (GSP+) անդամ, սակայն 2022-ի հունվարի 1-ից դուրս է եկել, այսպես կոչված, արտոնյալ առեւտրային ռեժիմից․ «Քանի որ մենք ունեինք լուրջ սահմանափակումներ եվրոպական շուկաներում, մեծ խաղացողներն ուղղակի ճանապարհ չեն թողել, որ հայկական ապրանքներն ու ծառայությունները մուտք գործեն այդ շուկաներ, այսօր ՀՀ տնտեսական շրջանառության հսկայական մասը կապված է ՌԴ-ի հետ»։