Նիկի Հեյլին հրաժարվում է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար ընտրապայքարից

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարող միակ թեկնածուն՝ Նիկի Հեյլին, դուրս է գալիս ընտրապայքարից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։

Սա նշանակում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կհաղթի հանրապետականների նախնական ընտրություններում և երկրի ղեկավարի պաշտոնի համար կրկին կպայքարի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի հետ նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Ակնկալվում է, որ Հեյլին, որը ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանն էր, ընտրապայքարից հրաժարվելու մասին պաշտոնապես կհայտարարի մի քանի ժամից։

Ըստ the Wall Street Journal-ի՝ նա իր աջակցությունը չի հայտնի Թրամփին, սակայն նրան կոչ կանի վաստակել իր օգտին քվեարկած հանրապետականների և անկախ քվեարկողների աջակցությունը։

Մարտի 5-ին՝ «Սուպեր երեքշաբթի»-ի ընթացքում, երբ մի շարք նահանգներում նախնական ընտրություններ էին տեղի ունեցել, Թրամփը հաղթող է ճանաչվել 15 նահանգներից 14-ում։ Նիկի Հեյլին հաղթել է միայն Վերմոնտում։

Տեսանյութեր

Լրահոս