Նիկոլ Փաշինյանը Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը և ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաև այն, որ մարդիկ երբեմն այդքան էլ լավ պատկերացումներ չունեն կրոնների մասին: Այս առումով, Փաշինյանը կարևորել է կառավարությունների դերը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի` իսլամի հետ հաղորդակցվելու երկար պատմությունը և իսլամական երկրներում հազարավոր հայերի ապաստան գտնելու փաստը:

Փաշինյանը Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը: Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը շնորհակալություն է հայտնել արժեքավոր նվերի համար և կարևորել հանդուրժողականության ու խաղաղության ամրապնդումը նաև կրոնների միջոցով: Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Մատենադարանում պահվող արաբատառ ձեռագրերի ցուցահանդես` հավելելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են նաև հասարակությունների միջև խաղաղ գոյակցության հաստատմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Փաշինյանի այցը կնպաստի Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանն ու առաջընթացին, այդ թվում` կրոնական կրթության և մշակույթի ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս