
Պերուի վարչապետը հրաժարական է տվել իր շուրջ ստեղծված սկանդալի պատճառով

Պերուի նախարարների խորհրդի նախագահ Ալբերտո Օտարոլան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը նրա դեմ նախաքննություն է սկսել հովանավորչության կասկածանքով։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Այսօր հանրապետության նախագահի հետ զրույցի ընթացքում ես նրան հայտնեցի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալու` իմ որոշման մասին», – ասել է Օտարոլան մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ինքն այս որոշումը կայացրել է, որպեսզի պետության ղեկավար Դինա Բոլուարտեն կարողանա վերաբաշխումներ իրականացնել կառավարությունում։ Օտարոլան նաև կրկին հայտարարել է իր անմեղության մասին։
«Չեն եղել որևէ խախտումներ աշխատանքի ընդունելիս, որևէ նախահամաձայնություններ կամ հովանավորչություն»,- ասել նա։
Մարտի 4-ին Պերուի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ կատարում է Օտարոլայի ծանոթ Յասիրե Վասկեսին Պաշտպանության նախարարությունում աշխատանքի ընդունելիս հնարավոր խախտումների շուրջ հետաքննություն: Պաշտոնաթողություն խնդրած վարչապետին կասկածում են «անօրինական հովանավորչության մեջ»:
Ավելի վաղ Panamericana Televisión հեռուստաալիքի եթերում հրապարակվել էր Օտարոլայի և Վասկեսի զրույցի ձայնագրությունը, որից հետևում էր նրանց միջև ռոմանտիկ բնույթի կապի առկայությունը: