Ադրբեջանը պատերազմ է սկսելու ոչ թե՝ որովհետև Հռչակագրում կամ Սահմանադրությունում ինչ-որ բան է գրված, այլ՝ որովհետև մեր իշխանությունը պահում է իրեն թույլի պես. Վազգեն Մանուկյան

«Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով քննարկմանը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ՀՀ Անկախության հռչակագրում իրավաբանորեն ամեն ինչ շատ նորմալ է գրված, Արցախի մասին գրվածն էլ հիմնված է ՄԱԿ-ի հիմնադիր օրենքներից մեկի վրա. դա ինքնորոշման իրավունքն է:
«Այդ հռչակագիրը չի խանգարել մեզ դառնալ ՄԱԿ-ի անդամ:

Չի խանգարել մեզ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել տասնյակ երկրների հետ: Չի խանգարել մեզ բանակցել Թուրքիայի հետ, այսինքն, երբեք Անկախության հռչակագիրը քննարկման առարկա չի դարձել ուրիշ պետությունների կողմից: Սկզբնական շրջանում ՀՀ ղեկավարությունն ասում էր, որ պետք է փոխել հռչակագիրը և նոր հռչակագիր գրել, ես ուզում եմ հասկանալ՝ այդ հռչակագրի նախաբանը ո՞րը պիտի լինի: Քանի որ մենք պարտվել ենք պատերազմում և վախենում ենք նոր պատերազմից, մեր հպարտ ժողովուրդն ընդունում է հետևյալ հռչակագիրը՝ հրաժարվելով այսինչ գաղափարների՞ց: Այդպիսի հռչակագի՞ր պիտի լինի»,- շարունակեց Մանուկյանը՝ նշելով, որ կա երկրորդ տարբերակը՝ Սահմանադրության հիմքում չդնել հռչակագիրը, թեև բոլոր երկրները, որոնք Անկախության հռչակագիր են ընդունում, հետո իրենց սահմանադրությունը կառուցում են հենց դրա հիման վրա, օրինակ՝ ԱՄՆ-ը:

«Եթե խոսքը գնում է պատերազմի մասին, ապա մեր հակառակորդը պահանջներ է դնում և պատերազմ է սկսելու ոչ թե այն պատճառով, որ Հռչակագրում կամ Սահմանադրությունում ինչ-որ բան է գրված, այլ՝ որովհետև մենք թույլ ենք, մեր իշխանությունը թուլացրել է մեր պետությունը և պահում է իրեն թույլի պես, ու մենք անընդհատ նահանջի վիճակում ենք գտնվում:

Իսկ ուրիշի թելադրանքով սահմանադրություն փոխելով՝ դառնալու ենք եզակի ազգերից մեկը, որը հայտնվելու է սարսափելի ամոթալի վիճակի մեջ: Ոչ մի դեպքում և ցանկացած գնով չպետք է թույլ տալ, որ տեղի ունենա այդպիսի հանրաքվե: Այդ հանրաքվեի գոյությունն ու անցկացումն արդեն նշանակում է նահանջ»,- շեշտեց ՀՀ նախկին վարչապետը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս