ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստերին ուսանողի քվոտայով մասնակցում է մեկը, ով արդեն ուսանող չէ. ո՞վ է նրա հովանավորը
Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) տիրող բարքերի մասին 168.am-ը բազմիցս տեղեկացրել է իր ընթերցողներին: բուհ-ի ղեկավարությունն ակնհայտորեն վայելում է ՔՊ-ական իշխանությունների բարեհաճ վերաբերմունքն ու բարձր հովանավորությունը և կրթօջախը ղեկավարում է այնպես, ինչպես ցանկանում է:
Հերթական աղաղակող ապօրինության մասին տեղեկացանք օրերս: Պարզվում է՝ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, որպես ուսանող՝ մասնակցում է մեկը, ով արդեն ուսանող չէ:
Խոսքը ՇՊՀ ռեկտորի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Գևորգ Ղուկասյանի մասին է, ով 2023թ. մայիսին ավարտել է ՇՊՀ «Հոգեբանության» ֆակուլտետը հեռակա ուսուցմամբ:
Փաստացի որևէ ուսանող պետական ավարտական քննությունների հաջորդ իսկ օրը զրկվում է ուսանողի կարգավիճակից: Սակայն 168.am-ն ուսումնասիրեց Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի երկու՝ 2023թ. հուլիսի 5-ին և դեկտեմբերի 15-ն կայացած նիստերի արձանագրությունները, որոնց մասնակցել է Գևորգ Ղուկասյանը:
Կատարվածը փաստացի կեղծիք է, որովհետև ՇՊՀ Հոգաբարձուների նիստին մասնակցում և ուսանողի քվոտայով որոշում է կայացնում մեկը, ով ուսանող չէ: Գևորգ Ղուկասյանը, մեր տեղեկություններով, ՇՊՀ-ում հայտնի է՝ որպես, այսպես կոչված, սորոսական ռեստարտական, ինչը չի էլ թաքցնում: Վայելում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորությունը: Հանդես է եկել թե՛ հայտնի ադրբեջանասեր «կապտամազիկ» Ասյա Խաչատրյանի, թե՛ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու պաշտպանությամբ: Օրերս, ի դեպ, Գևորգ Ղուկասյանը մասնակցել է նաև Նավալնու մահից հետո Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց անցկացված բողոքի ակցիային:
Սա, իմիջիայլոց, որովհետև Գևորգ Ղուկասյանի բարոյական ընկալումներն ու քաղաքական հայացքներն իր խնդիրն են: Հանրության խնդիրը բուհ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ու հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի գործողություններն են կամ անգործությունը: Կա՛մ ՇՊՀ-ն ղեկավարող այս անձինք արհամարհում են բուհ-ի կանոնադրությունը, կա՛մ հովանավորում են ակնհայտ կեղծարարությունը: Մնացածն արդեն իրավապահների տիրույթում է: