Էլեկտրոնային դեղատոմսը սպասարկելու համար դեղատների բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն «Արմեդ» համակարգում
Մարտից ուժի մեջ են մտնում ՀՀ էլեկտրոնային առողջապահական համակարգի փոփոխությունները, ըստ որոնց ընդլայնվում է էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը։ Մարտի 1-ից բացառապես էլեկտրոնային դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութեր, միզոպրոստոլ պարունակող դեղեր։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումը կատարվում է փուլային տարբերակով։ Ներդրման գործընթացը սկսվել է 2022 թվականի հուլիսից։
«Սկզբում էլեկտրոնային դեղատոմսով բաց են թողնվել կենտրոնական գնումներով ստացվածները։ Ասեմ, որ դա մեկնարկել ենք մեկ պոլիկլինիկայի բազայի հիման վրա, որպեսզի վեր հանվեն տեխնիկական խնդիրները։ Այնուհետև այն տարածվել է Հայաստանի ամբողջ առաջնային օղակի վրա։ Երկրորդ փուլով արդեն ներդրվել է անվճար և արտոնյալ պայմաններով ստացված դեղերի դուրսգրման բաղադրիչը։ Արդեն այս փուլում որոշ դեղեր դուրս կգրվեն միայն էլեկտրոնային եղանակով»,-ասաց Արտակ Ջումայանը։
Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը տեղեկացրեց, որ համապատասխան գործիքակազմը ներդրված է, թվային համակարգն ամբողջությամբ պատրաստ է։
«Համակարգն աշխատելու է հետևյալ սկզբունքով. բժիշկն էլեկտրոնային տարբերակով՝ «Արմեդ» համակարգի միջոցով, դուրս է գրելու դեղը, նշելու է դեղի ազդող նյութը, անհրաժեշտ քանակը, որից հետո բուժառուն գնում է դեղատուն, որտեղ էլ քաղաքացու անունով փնտրվում է դեղատոմսը։ Այսինքն՝ դեղատանը դեղատոմսը հասանելի չէ, քանի դեռ բուժառուն չի դիմել իրեն։ Ստեղծված է համապատասխան գործիքակազմ, որ դեղատան աշխատողն այդ հարթակում նշի, թե քանի դեղ է տրամադրել բուժառուին։ Դա նշանակում է, որ բուժառուն պարտավորված չէ հենց սկզբից մի անգամից ամբողջ նշանակած դեղը գնել։ Բուժառուն շարունակելու է ունենալ դեղերը մաս-մաս գնելու հնարավորություն։ Դեղատոմսն ամբողջությամբ փակված կհամարվի այն ժամանակ, մինչև բուժառուն դեղատոմսով նշված բոլոր դեղերը կգնի»,-ասաց Ծաղկանուշ Սարգսյանը։
Պարտադիր պայման է, որ բուժառուն դեղատուն ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։ Եթե ամեն դեպքում ինչ-ինչ հարցերով պայմանավորված բուժառուն չի կարող մոտենալ դեղատուն, ապա բժիշկը կարող է լիազորված անձի տվյալները ևս մուտքագրել համակարգ, որից հետո վերջինս, ևս անձը հաստատող փաստաթղթով, կարող է արդեն դեղատնից գնել դեղը։
Էլեկտրոնային դեղատոմսը սպասարկելու համար դեղատան բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն «Արմեդ» համակարգում։ Հարցերի դեպքում կարող են զանգահարել «Արմեդ»-ի զանգերի կենտրոն, որն աշխատում է 24 ժամ, կամ կարող են զանգահարել առողջապահության նախարարություն՝ համապատասխան ուղեցույցներին ծանոթանալու համար։ Պատասխանատուները տեղեկացրին, որ դեղատները որևէ գումար չեն ծախսելու։ Ընդամենն անհրաժեշտ է համակարգիչ և ինտերնետ, որևէ այլ ներդրում դեղատան կողմից չի պահանջվում։
Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումը հնարավորություն կտա արդյունավետ վերահսկել դեղերի շրջանառության ամբողջ հետագիծը՝ դեղը Հայաստան մուտք գործելու պահից մինչև բուժառուին հասնելը, դեղի բարդությունները, վատ ազդեցությունը և այլն։ Դրանից բացի, բուժառուների բժիշկների համար կհեշտացվի գործընթացը, կկրճատվի թղթային շրջանառությունը, ինչպես նաև ժամանակը։