Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունն ու կոչ է անում ադրբեջանական վարչակարգի ներկայացուցիչներին չզբաղվել ինքնախաբեությամբ և վերջ տալ «զոհի» կերպարի կերտման և դրա «հաղթահարման» ներկայացումներին։
Ներկայացնում ենք միության տարածած հաղորդագրությունը, որում այն դատապարտում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը։
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, շարունակելով պետականորեն ընթացող լայնածավալ քարոզչությունը Հայաստանի դեմ, հայտարարություն է տարածել՝ Հայաստանին ինչ-որ չպարզված հանցանքների մեջ մեղադրելով։ Սակայն խիստ զավեշտալի է այդ հայտարարության հետևյալ հատվածը․ «Պետության յուրաքանչյուր գործողություն, որը հակասում է միջազգային իրավունքին, առաջացնում է այդ պետության միջազգային պատասխանատվությունը միջազգային իրավունքի համաձայն»։ Այս համոզմունքներն է արտահայտում մի գործիչ, որը հավասարապես կիսում է վերջին տարիներին միջազգային իրավունքի մերժման և ոտնահարման ադրբեջանական գործելակերպը, որը հանդիսանում է այդ գործելակերպի տարբեր դրսևորումների ճարտարապետներից մեկը։
Ելնելով իր իսկ հայտարարությունից՝ կարելի է հարցադրում կատարել, թե Ադրբեջանի ո՞ր գործողություններն են համապատասխանել միջազգային իրավունքին. 44-օրյա պատերազմի հրահրումը, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումները, Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումն ու հումանիտար աղետը, թե՞ ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայերի էթնիկ զտումն ու բռնագաղթը։ Արդյո՞ք օրինաչափ է, ըստ Հիքմեթ Հաջիևի, հայկական մշակութային ժառանգության շարունակական պղծումն ու յուրացումը, կամայական «վերակառուցումներն» ու գերեզմանապիղծ ճանապարհաշինությունը։ Մի՞թե միջազգային իրավունքին չի հակասում հենց միջազգային իրավունքի բացեիբաց արհամարհումը՝ ի օրինակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարման։
Հայաստանին միջազգային իրավունքով «սպառնալուց» առաջ խորհուրդ կտանք Հիքմեթ Հաջիևին վերանայել սեփական համոզմունքներն ու այն երկրի քաղաքականությունն ու էթնոֆոբ պետական խոսույթը, որի ներկայացուցիչն է հանդիսանում ինքը։ Խորհուրդ կտանք «հարցնել» իր ավագ գործընկերներին, թե ինչ է տեղի ունեցել 1988 թ․ փետրվարին Սումգայիթում, 1990 թ․ հունվարին Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և այլուր, որպիսինները նույնաբար կրկնվել են վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում։ Թվում է, թե դահճության արվեստն Ադրբեջանում ամենալավ յուրացվող «արհեստներից» է»,-նշված է հայտարարության մեջ։