Սպառնո՞ւմ է արդյոք Իսլամիստական ջիհադն Ադրբեջանին. Ազեր Մախմուդով

2018թ. հուլիսին Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում սպանվել է երկու ոստիկան: Ոստիկանության տվյալներով՝ չարտոնված հանրահավաքի խափանման ժամանակ սառը զենքով սպանվել են Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալը և Նիզամիի շրջանային ոստիկանության պետի տեղակալը: Ցուցարարները հանդես են եկել ի պաշտպանություն Ռուսաստանի 35-ամյա քաղաքացի Սաֆարովի, որը ձերբակալվել է քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի համար: Ձերբակալվել է չարտոնված հանրահավաքի 40 մասնակից։ 2018թ. հուլիսի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 9-ի կեսին, Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը ողջ Ադրբեջանին։ Դրանից անմիջապես հետո մահափորձ է կատարվել քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ։ Վելիևի դեմ մահափորձի համար էլ ձերբակալվել է Սաֆարովը։

Հետաքննությունը, որն իր վերահսկողության տակ է վերցրել Ալիևը, վարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով գլխավոր քննչական վարչությունը: Հաղորդվում է՝ Սաֆարովն արդեն մեկ տարի հետախուզման մեջ էր Գյանջայի ոստիկանության աշխատակցի վրա հարձակման համար, որից նա հափշտակել էր հաշվեցուցակային զենքը: Իրավապահները Սաֆարովին բնութագրել են՝ որպես արմատական իսլամիստ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Սաֆարովը մարտական պատրաստություն է անցել Սիրիայում, երկար ժամանակ ապրել է Իրանի Կում քաղաքում: Ի դեպ, պայմանավորված այն հանգամանքով, որ հանրապետության տարածքում բնակվում են իսլամի՝ ինչպես շիա, այնպես էլ՝ սուննի ուղղությունների մահմեդականներ, Ադրբեջանում հնարավոր է այդ երկու հոսանքների արմատական իսլամիստների ակտիվությունը:

Բռնության ալիքը կարող էր կրկնվել Սումգայիթում՝ երկրի մեկ այլ խոշոր քաղաքում։ Բայց այս դեպքում իրավապահները նախապես աշխատել են, վերահսկել սոցիալական ցանցերը, որտեղ անանուն անձինք կոչ են արել քաղաքի բնակիչներին դուրս գալ փողոց: Մի քանիսը լսել էին սադրիչներին, բայց այստեղ ևս մոտ տասը ձերբակալված կար։ Բաքուն միշտ կոշտ ճնշել է երկրի զարգացման վերաբերյալ ընդդիմադիր հայացքների չնչին ծիլերը։ 2015-ին Ադրբեջանի շիաների հոգևոր կենտրոն հանդիսացող Կասպից ծովի ափին գտնվող Նարդարանում իշխանությունները հատուկ գործողություն են իրականացրել հենց ցերեկային նամազի ժամանակ:

Ձերբակալվել և անհայտ ուղղությամբ տարվել են «մահմեդական միասնություն» շարժման առաջնորդ, շիա աստվածաբան Թալեհ Բագիրզադեն և ևս մի քանի մարդ: Հաջորդել են բախումները, որոնց հետևանքով զոհվել է չորս քաղաքացի և երկու ոստիկան։ Նարդարանի կոնֆլիկտի արդյունքում Ալիևը 2015-ի դեկտեմբերին օրենք է ստորագրել արմատական կրոնական գաղափարներ տարածող կազմակերպութունների գործունեության արգելքի մասին: Այս օրենքը լայն հնարավորություններ է բացել իշխանությունների համար՝ հատուկ գործողություններ իրականացնելու և ամբողջ տարածքները շրջափակելու համար։ Մինչդեռ Նարդարանի բնակչության և իշխանությունների միջև հակամարտությունները տեղի են ունեցել 2002-ից։

Բողոքի ակցիան զուտ սոցիալական՝ ճանապարհի վերանորոգման և գազիֆիկացման պահանջներով, աստիճանաբար վերափոխվել է կրոնականի: Արդեն 2010-ին Նարդարանը հանդես էր եկել հիջաբ կրելու արգելքը վերացնելու պահանջներով։ Սոցիալական բողոքի փուլային վերափոխումը կրոնականի՝ Ադրբեջանում հասարակական-քաղաքական դժգոհության հիմնական առանցքն է: Նույն լցոնումն ուներ նաև հուլիսյան իրադարձությունները Գյանջայում։ Նշենք՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններն արդեն վաղուց արձանագրում են վերազգային կրոնական ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության աճ:

Մի քանի տարի առաջ ԻԼԻՊ-ը քարտեզ էր հրապարակել՝ նշելով իր տարածքային պահանջները։ Ջիհադական խալիֆայության այս քարտեզի վրա Ադրբեջանը մտնում էր Գոգզազ նահանգի մեջ։

Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը դավանում է իսլամ, ըստ Pew Research հետազոտական կենտրոնի տվյալների, 2009-ին երկրի բնակչության մոտ 99,2%-ը մահմեդականներ են եղել, նրանց բացարձակ մեծամասնությունը՝ իսլամ դավանողների մոտ 60%-ը, կազմել են շիաները (ջաֆարիթական մազհաբ), մնացած 40%-ը սուննի են (հիմնականում հանաֆիթական մազհաբ): 2017-ի գարնանը Թուրքիայի Կոնիա քաղաքում ձերբակալվել են «Իսլամական պետության» և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» 22 զինյալներ: 22 ձերբակալվածներից 14-ն ԻԼԻՊ-ի անդամներ են, 4-ը՝ PKK-ի։Նրանց թվում էր նաև ադրբեջանցի Իլթիֆաթ Նազուրովը։ Նա ծառայել է Ադրբեջանի բանակում՝ լեյտենանտի կոչումով։

Զորացրվելուց հետո մեկնել է Թուրքիա, որտեղ միացել է արմատական իսլամիստներին։ Ավելի վաղ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հետապնդվել և գերեվարվել էր Ադրբեջանի քաղաքացի Աբդուլլահ Աբդուլլաևը, որը Թուրքիայում անցակետ էր ստեղծել Եվրոպայից և Միջին Ասիայից գրոհայինների համար, որոնց հետագայում տեղափոխում էր Իրաք և Սիրիա:

Թուրքական իրավապահ մարմինների այս հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է Աբդուլլաևի հանցախմբի հետ կապ ունեցող 36 մարդ: 2017-ի աշնանն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են կրոնական ծայրահեղական խմբավորման չորս զինյալների, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում Ադրբեջանի տարածքում: Եվս չորս գրոհային այդ հատուկ գործողության ընթացքում սպանվել է։ Հաղորդվում էր՝ այդ խմբավորման անդամներն արհեստավորական եղանակով պայթուցիկ և հրկիզող սարքեր են պատրաստել և պատրաստվում էին դրանք որպես ահաբեկման ակցիա կիրառել Բաքվում ընդդիմության հանրահավաքի ժամանակ:

Միայն Սիրիայում վերջին տարիներին մերձկասպյան երկրից շուրջ 200 ներգաղթյալ է մահացել: Իսկ Ադրբեջանում իսլամիստների թվի գնահատականները շատ մոտավոր են և հաճախ՝ մտացածին։ Այսպես, ադրբեջանական Haqqin.az պարբերականը գրում է 40 հազար արմատական իսլամիստների մասին։ Նման բան պարզապես չի կարող լինել, և, ամենայն հավանականությամբ, պարբերականը գրում է «վախի աչքերը մեծ են» սկզբունքով։ Ինչ վերաբերում է Գյանջայի դեպքերին, ապա տեղական մամուլը դրանք մեկնաբանել է՝ որպես կրոնական կարգախոսներով քողարկված քրեական տարրերի սադրանք։ Իրոք, ձերբակալված ջարդարարները սովորական հանցագործներ էին՝ տպավորիչ քրեական կենսագրությամբ։ Սակայն նրանց մասնակցությունը կրոնական կարգախոսների ներքո տեղի ունեցած ջարդերին և անկարգություններին չի եղել բանական բանդիտական մտադրությունների քողի տակ։

Վերջին տարիների իրադարձությունները Կենտրոնական Ասիայի մի շարք հանրապետություններում, մասնավորապես՝ Ղազախստանում, ցույց տվեցին, որ անդրազգային իսլամիստական կազմակերպությունները և հաճախ դրանց հետևում կանգնած արևմտյան հատուկ ծառայությունները քայքայիչ գունավոր հեղափոխությունների ընթացքում սկսեցին օգտագործել սիներգիա, այսինքն՝ սոցիալական բողոքների, հեղափոխական ջիհադի և քրեական ապստամբության մուլտիպլիկատիվ ազդեցություն ունեցող փոխազդեցություն։ Հենց այսպիսի բնույթ էր կրում 2022-ի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ձախողված պուտչը։ Թվում է՝ 2018-ի ամռանը ադրբեջանական Գյանջայում տեղի ունեցած անկարգությունները նման դիվերսիոն սիներգիայի մի տեսակ փորձ էին:

Չի կարելի հաշվի չառնել, որ Ադրբեջանը կարող է լավ բազա դառնալ իսլամիստ գրոհայինների համար։ Առաջին հերթին՝ իր աշխարհագրական դիրքի պատճառով. հանրապետությունը գտնվում է շիա Իրանի և Ռուսաստանի պայթյունավտանգ հարավի միջև՝ սահմանակից Դաղստանին։ Այստեղից էլ մի քայլ է՝  մինչև Թուրքիա և Իրաքի հյուսիս։ Բացի այդ, Ադրբեջանի նավթային ռեսուրսները կարող են լուրջ օգնություն դառնալ զինված խմբավորումների համար։ Ադրբեջանն ապակայունացնելու և գրավելու ջիհադականների ծրագրերի մասին հաղորդագրությունները բավական վաղուց են հնչում։ Արգելված ԻԼԻՊ-ի առաջնորդներից մեկը, օրինակ, հայտարարել է. «Իսլամական պետությունը կհասնի նաև այդ վայրեր։ Դաղստանն ու Վրաստանը նման են թխած խնձորի, իսկ Ադրբեջանը՝ պատրաստի մսով կարկանդակի, և մի օր մենք այն կհամտեսենք»։ Մենք չենք մեկնաբանի ջիհադականների գաստրոնոմիական ակնարկները, բայց Ադրբեջանի իշխանությունները, որոնք Գյանջայում տեղի ունեցած անկարգությունները ներկայացրել են քրեական տարրերի ակցիայով, այնուամենայնիվ պետք է զգուշանան հեղափոխական ջիհադի՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ադեպտներից։ Ժողովրդագրական ռեսուրսը ցուցիչ է: Ադրբեջանը 10 միլիոնանոց երկիր է՝ երիտասարդ բնակչության զգալի չափաբաժնով, որը գիտակցում է, որ սոցիալական վերելակները չեն աշխատում։

Ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ադրբեջանի մյուս հարևանները երկրում իրենց շահերի համար դիվերսիոն գործողություններ չեն իրականացնում։ Բացառությամբ 1990-ականների առաջին կեսի անկայունության և Նարդարանի նման լոկալ հակամարտությունների, ներքաղաքական իրավիճակն այստեղ անկախության տարիներին ոչ մի անհանգստություն չի առաջացրել։ Դրա հետ մեկտեղ, ներքաղաքական դիմակայության ուժեղացումը և սոցիալական դժգոհության աճն անկանխատեսելի հետևանքներ կունենան երկրի բոլոր հարևանների համար։

Հանրապետության հասարակությունն ու իշխանությունը գտնվում են տարբեր ժամանակային շերտերում. բնակչությունը կողմնորոշված է դեպի կյանքի ձևաչափեր, որոնք մոտ են Արևելյան Եվրոպայի երկրներին կամ Թուրքիային, իսկ իշխանությունը հուսահատ դավանում է ֆեոդալիզմ՝ պարզապես այլ բան չիմանալով։ Ղարաբաղյան հաղթանակը որոշ ժամանակով հետ մղեց անխուսափելի սոցիալական պայթյունը, որը, ինչպես և սպասելի է, կնկարվի կրոնական երանգներով։ Ադրբեջանի սոցիալական մետրոնոմը գործարկվել է, և ոչ մի հաղթական ֆանֆար չի կանգնեցնի նրան։

Հրապարակման պատրաստեց՝ Գ․Մ․-ն

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս