Ռաֆահում Իսրայելի գործողությունը խաչ կդնի ՄԱԿ-ի մարդասիրական ջանքերի վրա. Գուտերեշ
Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային ռազմական գործողությունը, որը ծրագրում են իրականացնել Իսրայելի իշխանությունները, խաչ կդնի Գազայի հատվածի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ ՄԱԿ-ի ջանքերի վրա։ Այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Ռաֆահը կենտրոնական տեղ է զբաղեցնում հումանիտար օգնություն ցույց տալու՝ մեր գործողության մեջ, իսկ ՄԱՕԱԳ-ը (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալություն) դրա առանցքն է: Իսրայելի լայնածավալ հարձակումը քաղաքի վրա ոչ միայն սարսափելի կլինի ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների համար, որոնք պատսպարված են այնտեղ. դրանով կխփվի մեր օգնության ծրագրերի դագաղի վրայի վերջին մեխը»,- ասել է նա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բացման իր ելույթում:
Գուտերեշը նաև կոչ է արել սահմանել մարտական գործողությունների հումանիտար դադար և «անհապաղ և առանց վերապահումների» ազատ արձակել բոլոր պատանդներին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունը կարևոր է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ հաղթանակ ապահովելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական կաբինետին է ներկայացրել Ռաֆահից քաղաքացիական անձանց տարհանելու և այնտեղ գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման 4 գումարտակները ոչնչացնելու ծրագիր։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը մոտենում է 29 700-ի, վիրավորների թիվը գերազանցել է 69 800-ը։