Բաժիններ՝

Պարոնյան 14 շենքի բնակիչները բողոքում են,  համապատախան կառույցներից նրանց ականջներին «լապշա են կախում»

Տևական ժամանակ է՝ Երևանի Պարոնյան 14 շենքի բնակիչները բողոքում են շենքի առաջին հարկում գործող մերսման սրահի գործունեության դեմ՝ նշելով, որ մերսման սրահի պատճառով իրենց հանգիստը խաթարվել է։

168.am-ին դիմած բնակիչները նշեցին, որ կեսգիշերից մինչև լուսաբաց շենքի տարածքում մշտապես աղմուկ է, մեքենաների ազդանշաններ, քանի որ այդ ժամերին մերսման սրահ մարդիկ են այցելում ու անդադար աղմկում։ Իսկ մութն ընկելուց հետո երեխաներին արդեն թույլ չեն տալիս դուրս գալ, քանի որ մերսման սրահում հավաքվում են «անհասկանալի կերպարներ»։

Պարոն 14 շենքի բնակչուհի Շողիկ Երիցյանը պատմեց, որ հնարավոր բոլոր պետական մարմիններին դիմել են՝ ապարդյուն, մերսման սրահը նույն ձևով շարունակում է աշխատել։

Կարդացեք նաև

«Մեկ տարի է՝ բողոքում ենք, սակայն այս խնդիրը լուծում չի ստացել։ Տարբեր տեղեր ենք դիմել՝ Նիկոլ Փաշինյանի  աշխատակազմին, Առողջապահական և աշխատանքի տեսչության մարմին և այլն, այսինքն՝ այդպիսի կառույց չի մնացել, որ չդիմենք։ Բնակիչներին առանձին-առանձին Առողջապահության տեսչական մարմնից պատասխանել են, որ ոչ մի բան չի համապատասխանում իրենց աշխատանքին, օրինական չի, բայց այդ սրահը շարունակում է աշխատել՝ արհամարհելով ամբողջ շենքի բնակիչների բողոքը։

Մենք չենք ուզում սպասել այն պահին, որ այստեղ այնպիսի իրադարձություն տեղի ունենա, որ նոր արձագանքեն։ Նախ, շատ վատ է, որ բնակելի շենքի առաջին հարկում գործում է մերսման սրահ, ամբողջ բնակչության աչքի տակ, երեխաներ են, դուրս ու ներս են անում, դպրոց գնում։ Կռիվներ են լինում, բարձր երաժշտություն, աղմուկ, ու այս ամենը՝ գրեթե ամեն օր, սա նորմալ չէ։ Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ դա մերսման սրա՞հ է, թե՞ ինչ է»,- նշեց Շողիկ Երիցյանը։

Ըստ մեր զրուցակցի, որոշ ժամանակ առաջ մի քանի օր մերսման սրահի գովազդային պաստառները հանել էին, բնակիչները մտածել են, որ գուցե փակեն, ու իրենք հանգիստ ապրեն, սակայն պաստառները նորից տեղադրել են։

«Մենք էլ չգիտենք՝ ում դիմենք, որ մեր խնդրին ուշադրություն դարձնեն։ Նույն այս սրահի տնօրենն է, չգիտեմ՝ ով է, Պարոնյան 9 շենքի առաջին հարկում նույնպես մերսման սրահ է բացել։ Մենք նույնիսկ մերսման սրահի անունը չգիտենք, ընդամենը գրված է՝ «Մերսման սրահ»»,- նշեց բնակչուհին։

Բնակիչներից մեկն է հաստատեց՝ բազմաթիվ նամակներ են գրել տարբեր պաշտոնյաների՝ ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանին։

«Առողջապահության նախարարությունից մեզ պատասխանել են, որ լիցենզավորված չեն։ Մենք դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարանին, որտեղից մեր ականջներին լապշա են կախել՝ ասելով, թե՝ մենք իրավունք չունենք փակելու։ Այսինքն՝ մերսման սրահ կոչվածը, որի անունը շաբաթը մեկ փոխում են՝ անխափան գործում է։ Ես չգիտեմ, եթե դա ապօրինի է, ինչպես է աշխատում, Պարոնյան փողոցը դարձել է  Կարմիր լույսերի փողոց, դպրոցի կողքին մերսման սրահ կա, փողոցը ծայրից ծայր մերսման սրահներ են»,- նշեց Պարոնյան 14 շենքի բնակիչը։

Բնակիչների խոսքով՝ մերսման սրահը վարձակալությամբ է վերցված։

168.am խնդրի առանչությամբ դիմեց Կենտրոնի համայնքապետարան, որտեղից նշեցին, որ գրավոր հարցում ուղարկենք։

Հարցման պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակենք։

Տեսանյութեր

Լրահոս