Արցախի հարցն ազգային հարց է, երբ ազգը դառնա մեկ բռունցք, այն ժամանակ կստացվի արդյունք գրանցել. Թևան Պողոսյան

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի վերջին Արցախի Հանրապետության ԱԺ-ն Հայաստանում փակ նիստ էր անցկացրել։  Օրակարգի երկու հարցերից մեկը վերաբերում էր հատուկ հանձնախմբի ձևավորմանը: Հանձնախումբ, որի խնդիրն է ամբողջ աշխարհում ներկայացնել Արցախի հարցն ու արցախահայության իրավունքները։

Արդեն ձևավորված հանձնախմբի աշխատանքները համակարգում է  ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ Արցախի հարցով ձևավորվող ցանկացած հանձնախումբ միայն ողջունելի է։

«Ինքս հանձնախմբի անդամ չեմ, սակայն դրա ձևավորումը դրական քայլ եմ համարում և ուրախ կլինեմ, եթե որևէ մի ձևով կարողանամ որևէ բան անել։ Անկախ այն հանգամանքից՝ ես հանձնաժողովո՞ւմ եմ, թե՞ ոչ, եթե որևէ անելիք կա Արցախի համար՝ անելու եմ։ Անդամակցությունը որևէ հանձնաժողովի ամենավերջինն բանն է, որ ինձ հետաքրքրում է, որովհետև հանուն Արցախի ինչ կարգավիճակ էլ ունենամ՝ անելու եմ ամեն ինչ»,- նշեց Թևան Պողոսյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ եթե այս պահին Հայաստանը պետական մակարդակով առաջ չի տանում Արցախի ու արցախահայության հարցերը, միայն հանձնախումբն իր աշխատանքով կարո՞ղ է որևէ արդյունք ունենալ, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ հնարավորինս պետք է օգնել և՛ հանձնաժողովին, և՛ Հայաստանում Արցախի ներկայացուցչությանը, և՛ Արցախի բոլոր ինստիտուտներին։

«Մեկ բան հստակ է՝ Արցախի հարցն ազգային հարց է, ուրեմն՝ երբ ազգը դառնա մեկ բռունցք, այն ժամանակ կստացվի արդյունք գրանցել։ Իսկ մինչ այդ, հնարավորինս ամեն ինչ գոնե պետք է անել։ Եթե վաղը ձևավորվի երկրորդ այլ բան, ինչ-որ ինստիտուցիոնալ կառույցներից ելնելով՝ ուրեմն նրան պետք է օգնել։ Գիտեմ, որ մշակութային բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում՝ Արցախին նվիրված, պետք է հնարավորինս նպաստել դրանց կայացմանը։ Բոլորս այստեղ պիտի աշխատանք տանենք, որովհետև սա ազգի խնդիրն է»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս