Արցախի ԱԺ-ն Երևանում փակ նիստ է անցկացրել. Որոշվել է ձևավորել հատուկ հանձնախումբ
Արցախի ԱԺ-ն Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում փակ նիստ է հրավիրել, օրակարգում ներառվել է երկու հարց:
168.am–ի տեղեկություններով, նախորդ շաբաթվա վերջին Արցախի Հանրապետության ԱԺ-ի հրավիրած փակ նիստի օրակարգով նախ երկու նոր պատգամավոր երդում են տվել, այնուհետև որոշում են կայացրել՝ ստեղծել հանձնախումբ, որն աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելու է Արցախի ու բռնի տեղահանված արցախահայության հարցը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ պատգամավորները որոշել են նիստի և նիստի օրակարգի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն տարածել, սակայն մինչև այս պահը որևէ հաղորդագրություն չի տարածվել։
Ըստ մեր աղբյուրի՝ նիստի մեկնարկից մի քանի րոպե անց պատգամավորներն իմացել են, որ այն փակ ձևաչափով է անցկացվելու։ Նիստին մասնակցել են բոլոր պատգամավորները, բացակայել է միայն մեկը: Նիստը վարել է ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։
Սամվել Բաբայանի գլխավորած «Միացյալ հայրենիք» խմբակցությունը, առանց որևէ լուրջ պատճառաբանության, ձեռնպահ է քվեարկել հանձնախումբ ստեղծելու որոշմանը, անկախ պատգամավորներից մեկն էլ քվեարկելուց առաջ դուրս է եկել նիստից։ «Ազատ հայրենիք» ՔՄԴ խմբակցության պատգամավորներից մեկը «Միացյալ հայրենիք» խմբակցությանը տեղեկացրել է, որ նրանք իրավունք չունեն հանձնախմբում որևէ մեկի թեկնածությունն առաջադրել, քանի որ ձեռնպահ են քվեարկել որոշմանը: Ըստ մեր աղբյուրի՝ թեմայի շուրջ քննարկման ժամանակ բավականին թեժ բանավեճ է եղել։
Արցախի ԱԺ փակ նիստի ընթացքում չի որոշվել, թե ինչ ձևաչափով է լինելու հանձնախումբը, սակայն կա մտադրություն ընդգրկել այնպիսի թեկնածուների, որոնք քաջատեղյակ են Արցախի հիմնախնդրին՝ այսպես ասած՝ ուղնուծուծով գիտեն խնդրի ակունքները։ Հետևաբար՝ կլինեն ոչ միայն պատգամավորներ, այլ նաև իրավաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, սահմանադրագետներ, ԱԳՆ-ում աշխատած անձինք։ Հանձնախումբը գործունեության արդյունքում հաշվետու է լինելու Արցախի ԱԺ-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հրապարակավ իրենց կարծիքն են ներկայացրել ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների գործունեության վերաբերյալ, մասնավորապես, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»:
Արցախի ԱԺ-ն փակ նիստի ընթացքում այս հարցին չի անդրադարձել, քանի որ, ինչպես փոխանցեց մեր աղբյուրը, որոշել են լուռ իրենց աշխատանքը կատարել՝ անմասն մնալ ՀՀ իշխանությունների առաջ քաշած օրակարգից։
168.am-ը փորձեց փակ նիստի մասին մեկնաբանություն ստանալ Արցախի ԱԺ պատգամավորներից, սակայն թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները հրաժարվեցին որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն փոխանցել: