Եթե հայ-ռուսական հարաբերությունները լինեն ամուր, ապա Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հնարավորությունը կզրոյանա․ ռուս վերլուծաբան

«Հայաստանին չի հաջողվի Արևմուտքին բերել Հայաստան»,- այս մասին Երևանում «Հայաստանը՝ խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ ասաց Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։

Նա նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ չի զբաղեցնի այն դիրքորոշումը, որը Թուրքիան զբաղեցնում է Ադրբեջանի դեպքում, դա իրողություն է, տհաճ, դաժան իրականություն է Հայաստանի համար, սակայն դա իրականություն է, որը կապված է պատմության, աշխարհաքաղաքականության հետ։

«Դա կապված է նաև ցանկության հետ՝ չմարգինալիզացվել Հարավային Կովկասում, թեև դա տեղի է ունենում, սակայն այն ավելի արագ տեղի կունենա, եթե Ռուսաստանը զբաղեցնի հակամարտության որևէ կողմի դիրքը։ Իսկ ՌԴ-ն ձգտում է լինել միջնորդ»,- նկատեց նա։

Նա վստահեցնում է՝ եթե հայ-ռուսական հարաբերությունները լինեն ամուր, եթե որևէ մեկի մոտ այդ հարաբերությունների վիճակը հարցեր չառաջացնի, ապա Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հնարավորությունը կզրոյանա։

Կարդացեք նաև

«ՀՀ-ում ՌԴ ներկայության իմաստը և դաշնակցային հարաբերությունների իմաստը կայանում է նրանում, որպեսզի ագրեսիան զսպվի և կանխարգելվի։ Ռուսաստանին այս դեպքում նույնիսկ հարկ չի լինի մտնել պատերազմի մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, քանի որ նրանք իրենք դրան չեն գնա, եթե հայ-ռուսական հարաբերությունների վիճակը լինի այլ, քան հիմա է։ Հայ-ռուսական վատթար հարաբերությունների դեպքում նրանք կարող են գնալ ագրեսիայի, իհարկե»,- ասաց Սուսլովը։

Նա հարց ուղղեց՝ իսկ կարո՞ղ է արդյոք Արևմուտքը դառնալ այլընտրանք՝ որպես ՀՀ-ի համար անվտանգության երաշխավոր։

«Ոչ, չի կարող։ Սա ևս մեկ տհաճ իրավիճակ է ՀՀ-ի համար։ Հայաստանը կարող է Ռուսաստանից հեռանալ, բայց գնալ Արևմուտք և Արևմուտքին բերել այստեղ՝ դժվար է։ Սա իրականություն է։ Առավելագույնը, ինչ կարող եք ակնկալել, բացի ֆրանսիական շքեղ ընդունելություններից, դա ուսին թեթև հարվածներն են և Ադրբեջանին ու Թուրքիային ուղղված սուր դատապարտումն է։ Այսքանը։ Նրանք նույնիսկ պատժամիջոցներ չեն մտցնի»,- նկատեց ռուս վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս