Սա էլ է բիզնես. երբ պետությունը խոշոր գումար է հավաքագրում, պետք է ասի, թե դրա դիմաց ինչ է տալու. Անշարժ գույքի գործակալության տնօրեն
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինանը հայտարարեց, որ արդեն 21 հազար քաղաքացի է դիմում ներկայացրել վարձով բնակարաններ տալու վերաբերյալ։ Ապա հարցով դիմեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ թե արդյոք այդ թիվը ճի՞շտ է հիշում։
ՊԵԿ նախագահը մանրամասնեց, որ դիմել է 15.392 քաղաքացի և ներկայացրել վարձով բնակարան տալու շուրջ 21 հազար հայտ, այսինքն՝ մի քաղաքացին կարող է մի քանի բնակարան վարձով տալ։
«Մենք հիմա հաշվարկ ենք անում, թե նախորդ տարվա համեմատ, այս տարի որքան կկազմեն մեր եկամուտները, եթե գործընթացն ամբողջովին ավարտվի»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ ասաց, որ օրավարձով տրամադրվող բնակարանները և բնակելի տարածքները կհարկվեն, իսկ հարկման ընթացակարգը կհեշտացվի։
Արդյո՞ք վարձով տրվող բնակարանների եկամուտը հարկելիս որևէ կերպ կանդրադառնա կամ անդրադարձել է վարձավճարի աճի և վարձով տրվող բնակարանների պահանջարկի վրա, օրավարձով բնակարանների դեպքում հարկերի գանձումն ինչպե՞ս պետք է տեղի ունենա։
168.am-ի հետ զրույցում «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը այս հարցերին ի պատասխան՝ նախ ասաց, որ պահանջարկի առումով այսօր վարձակալության շուկան չեն կարող համեմատել նախորդ տարվա հետ, քանի որ այս տարի շուկան պասիվ է։
«Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանում երկու մեծ հոսք ունեցանք, այնուհետև Արցախից եղավ։ Այդ համեմատության մեջ վարձակալության շուկան այժմ պասիվ է։ Իսկ եթե համեմատենք 2019-2020 թվականների հետ, ապա ընդհանուր առմամբ լուրջ փոփոխություններ չկան։
Իրականում հարկային բեռը, որ ակնկալվում էր, թե դա կարող է վարձավճարների վրա ազդել, մեծ ազդեցություն չի ունենա, գուցե որոշակի մասնավոր դեպքեր լինեն։
Այս օրենքը կար, սակայն չէր կիրառվում, օրենքի կետերը փոխեցին, որոշակի խստացումներ մտցրեցին»,- նշեց Անդրանիկ Հարությունովը։
Ինչ վերաբերում է օրավարձով բնակարանների դեպքում հարկերի գանձմանը, մեր զրուցակիցն ասաց, որ իրականում բոլորն էլ ուզում են շատ բան անել, սակայն դրա համար պետք է լինեն մեխանիզմներ։
«Սա չափազանց բարդ վերահսկվող գործընթաց է, կարծում եմ՝ միայն ցանկությունը կամ հայտարարելը քիչ է։ Գուցե ունեն նոր մեխանիզմներ, կամ էլ նոր պետք է անեն, անկեղծ՝ չեմ կարող ասել»,- շեշտեց նա։
Անդրանիկ Հարությունովը նաև ասաց, որ վարձակալության շուկան շատ լայն շրջանակներից է բաղկացած և դրանցով է պայմանավորված: Մարդիկ անշարժ գույք էին վարձակալում թե՛ կենցաղային, և թե՛ կոմերցիոն նպատակներով և մեծամասամբ հարկ չէին վճարում։ Եթե հարկերի տարեկան բյուջեն գումարեն, ապա մեծ գումարի մասին է խոսքը։
«Հարկելու մեխանիզմը, որը կիրառել են, որոշ չափով ազդել է վարձով տներ տվողների վրա, շատերը դիմել են ՊԵԿ ու ներկայացրել են հայտարարություն, որ իրենց բնակարանը, օրինակ, վարձով են տվել։ Իրականում շատ լավ բան է, քանի որ ամեն ինչ կարգավորվում է օրենքի շրջանակներում։ Երևի կհիշեք, երբ ռուսների մեծ ներհոսք եղավ Հայաստան, այստեղ մարդիկ իրենց վարձակալներին հանում էին, բնակարանը տալիս էին ռուսներին։ Եթե պայմանագրերն օրինական լինեին, ապա ոչ մեկը ոչ մեկին իր տանից չէր կարող հանել կամ պայմանագիրը չեղարկել։ Խնդիրն այն է, որ գրեթե որևէ մեկն օրինական պայմանագիր չուներ։
Կարծում եմ՝ մարդկանց պետք է նաև ներկայացնեն, թե ինչ արտոնություններ կունենա թե՛ վարձատուն, թե՛ վարձակալը, քանի որ տարբեր մասնավոր դեպքերում երկուսի իրավունքներն էլ խախտվել են։ Կոպիտ ասած՝ սա էլ է բիզնես պետության կողմից, երբ խոշոր գումար է հավաքագրում, պետք է ասի, թե դրա դիմաց ինչ է տալու։ Իհարկե, պետք է նաև վարչարարություն իրականացվի, քանի որ, եթե մարդը եկամուտ է ստանում, պետք է նաև պատրաստ լինի հարկ վճարել»,- եզրափակեց Անդրանիկ Հարությունովը։