Կա՛մ Փաշինյանը կմնա, ու չի լինի ՀՀ-ն, կամ գնա, ու կլինի Հանրապետությունը. Հրանտ Բագրատյանի ուղերձը

«Վճռորոշ փետրվարը» հանրահավաքին հարգելի պատճառներով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի մասնակցում, սակայն նա ձայնագրության միջոցով փոխանցել է իր ուղերձը, որտեղ հերթական անգամ զգուշացնում է՝ իրավիճակն այնպիսին է, որ կամ Նիկոլ Փաշինյանը պիտի գնա, որ Հանրապետությունը մնա, կամ Փաշինյանը կմնա, և այդ դեպքում Հանրապետություն չենք ունենա:

Այնուհետև Հրանտ Բագրատյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել սահմանադրական փոփոխությունները կամ նոր Սահմանադրություն ունենալը, և, որ գործող Սահմանադրությունից պիտի հեռացվի ՀՀ անկախության մասին հռչակագրի վերաբերյալ հիշատակումը, որտեղ նշվում է.

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»:

Անկախության հռչակագրի 11-րդ կետում էլ գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Կարդացեք նաև

Եվ, Հրանտ Բագրատյանի խոսքով, հրապարակ է նետվել այն թեզը, որ եթե այս փոփոխությունները չընդունենք, ստանալու ենք պատերազմ, ինչը, ըստ նրա, ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա: Եվ սա այն դեպքում, երբ մոտ 4 տասնյակ պետություն ճանաչել են ցեղասպանությունը:

«Եթե թուրքերը զգան, որ մարսում են դա: Եվ մենք ապերախտավարի դուրս ենք գալիս և բոլորին ասում՝ սխալ եք ճանաչել, ապա ստացվելու է մի իրավիճակ, երբ թուրքերն ասելու են՝ ի՞նչն է խանգարում, որ մնացածն էլ ջնջեք, ոչ մի պարտք ու պահանջ հայերը չունեն»,- շեշտել է Բագրատյանը՝ նշելով, որ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելով, ըստ էության, արդարացնում ենք 1915 թվականին կատարվածը:

Այս համատեքստում ՀՀ նախկին վարչապետն ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ սահմանադրական փոփոխությունների անցկացման կամ նոր սահմանադրություն ունենալու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը դնելու է ժողովրդի վրա, ավելի ճիշտ՝ Ցեղասպանությունից հրաժարման:

Ավելին, Բագրատյանի համոզմամբ, «սահմանադրական փոփոխությունների արանքում մեզ կետ կուղարկեն, որ ՀՀ-ում օտարերկրյա բազաներ չպետք է լինեն», նպատակը ռուսներին ՀՀ-ից դուրս հանելն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս