Արևմուտքը Երևանից հստակ ակնկալիքներ ունի Ռուսաստանի հարցով, առանց որոնց հնարավոր չէ հարաբերությունների հետագա ընթացքը․ Արեշև

Մյունխենի անվտանգության հերթական համաժողովին մասնակցելու համար  Գերմանիա մեկնած Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ աշխարհաքաղաքական բնույթի հայտարարություններ արեց։ Նա, ըստ էության ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նշեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում Հայաստանի ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած հանրապետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքը։

«Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրն է հանրապետությունների անկախությունը ճանաչելու, տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ եթե դա քանդում ենք, ուրեմն քանդում ենք ամեն ինչ:

Վաղուց եմ ասել՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ, և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- նշել էր Փաշինյանը։ Դեռ 2023 թվականի մայիսին չեխական CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում էր Փաշինյանն ասել, որ  Ուկրաինայի հետ պատերազմում ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցը չէ: «Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստությունն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք»,- նշել էր Փաշինյանը:

Սակայն Մյունխենում ըստ էության Փաշինյանն առաջ անցավ և որոշեց ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Կարդացեք նաև

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադառնալով Փաշինյանի այս դիրքավորմանը, նշել է, որ Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը:

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, դա գաղտնիք չէ»,- ասել է Պեսկովը։

«Հետևաբար, սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը»,- ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի այս հայտարարություններն անակնկալ չեն Մոսկվայի համար, և Մոսկվայի արձագանքը ցույց է տալիս, որ առանձնահատուկ նյարդայնություն՝ այս հայտարարություններով պայմանավորված, չկա։

Արեշևի կարծիքով, սա մեկ այլ՝ շատ ավելի խորքային ու Հայաստանի համար կարևոր երևույթ է ցույց տալիս։

Վերլուծաբանը գտնում է, որ ամենևին էլ պարտադիր չէր, որ ՀՀ ղեկավարն անդրադառնա այս թեմային, նա կարող էր թեման շրջանցել ու երբեք դրան չանդրադառնալ, եթե Արևմուտքի հետ հարաբերությունները, այնուամենայնիվ, կարևոր են, և ՌԴ-ի հետ էլ դաշնակցությունը խզված չէ։

«Հայաստանում վստահաբար գիտեն, որ նմանատիպ հայտարարությունները Ռուսաստանում չեն ողջունվելու, քանի որ Ուկրաինայի հարցը Ռուսաստանի համար ամենազգայուն խնդիրն է։ Երբեմն Հայաստանին աջակցելու գինն Արևմուտքի համար Հայաստանի արևմտամետ հավաստիացումներն են, խոստովանությունները, որ Հայաստանը հավատարիմ է Արևմուտքին և չի աջակցում Ռուսաստանին այդ երկու բևեռի համար էլ կարևոր հարցում։

Արևմուտքում հասկանում են, չէ՞, որ նման հայտարարությունները կարող են խնդիր լինել Հայաստանի համար, որն առանց դրա էլ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է և նույնքան բարդ կոմբինացիաներ է փորձում իրականացնել։ Արևմուտքը Հայաստանից ակնկալում է լիարժեք աշխարհաքաղաքական դիրքավորում, ակնկալում է հակառուսական հայտարարություններ ու ձևակերպումներ, առանց դրա, կարծում եմ, հնարավոր չէր լինի Արևմուտքի կողմից որևէ հայտարարություն։

Պատահական չէ, որ այդ մասին ասվում է հենց Մյունխենում, պատահական չէ, որ նման քայլ արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ հասկանում է, թե ինչ է նշանակում օկուպացիա»,- ասաց Արեշևը՝ շարունակելով, որ Ռուսաստանում հիանալի հասկանում են, թե ինչ է անում Արևմուտքը, և ինչ իրավիճակում են անդրկովկասյան երկրները։

Ուստի, նրա տպավորությամբ, դրանց սուր արձագանքներ չեն լինելու։

«Որքան էլ Ռուսաստանի համար անընդունելի լինեն հնչող ձևակերպումները, ճգնաժամային դիվանագիտությունն այլ գործիքակազմ ու ճկունություն է ենթադրում»,- ասաց Արեշևը։

Բացի այդ, նրա խոսքով, ՀՀ-ն ինքնիշխան երկիր է և իր արտաքին քաղաքականությունն է վարում։

«Եթե Արևմուտքի վրա հիմնված արտաքին քաղաքականության արդյունքները, Արևմուտքում բանակցությունների արդյունքները հայկական կողմին գոհացնում են, ապա ՌԴ-ն այստեղ միջամտելու որևէ հարց չունի։ Եթե ՀՀ-ն Ալմա Աթայի հռչակագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, ապա Ուկրաինայի մասով ևս սպասելի էր, որ կճանաչեին»,- ասաց վերլուծաբանը։

Նա չի բացառում նաև, որ խնդիր դրվի է՛լ ավելի ակտիվացնել հակառուսական հայտարարությունները։

«Հայաստանում պետք է մտածեն ու հասկանան, թե ինչ հարց է լուծում այդ քաղաքականությունը Հայաստանի համար»,- նկատեց նա։

Արեշևը նաև նշեց, որ այս դեպքում Ադրբեջանի կողմից Ուկրաինային աջակցող հայտարարություններն ավելի ընկալելի են, քան Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, քանի որ Ուկրաինան մշտապես բաց ու ուղիղ աջակցել է Ադրբեջանին։

«Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքին Անդրկովկասում հարկավոր է հակառուսական ճակատ, դա է պատճառը, որ և՛ քաղաքականությունը, և՛ հայտարարություններն այդպիսին պետք է լինեն, եթե Արևմուտքի հետ գործընկերություն կա»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս