Հայաստանի և Պերուի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետություն արտաքին գերատեսչությունների միջև փետրվարի 16-ին Լիմայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ, հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, պերուականը՝ արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Իգնասիո Իգերաս Արեն։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-պերուական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ակադեմիական կապերի զարգացումը: Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում տնտեսական, կրթամշակութային կապերի ներուժի և դրա աշխուժացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը կողմերը անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Պերուի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պերուի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ։

Տեսանյութեր

Լրահոս