Պատանդառված անձանց ազատ արձակելու մասին քաղաքական խոսույթ չկա, պետք է օգտագործվի քաղաքական գործիքակազմ. Գեղամ Ստեփանյան
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց 9 ամիս բլոկադայի մեջ պահվող Արցախի Հանրապետության և խաղաղ բնակչության դեմ, արցախահայությունը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանվեց։
Ադրբեջանը խաղաղ բնակիչներին բռնի տեղահանելուն զուգահեռ՝ սկսեց հերթով գերեվարել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Ադրբեջանն այնուհետև գերեվարել էր Արցախի նախկին երեք նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ԱԺ ներկայիս նախագահ Դավիթ Իշխանյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Այսօր Ադրբեջանը նրանց մի քանի հոդվածներով անհեթեթ մեղադրանքներ է առաջադրել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը խոսելով Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունների մասին, ասաց, որ այդ հարցում իրավական գործիքակազմի օգտագործումն արդյունավետ չէ։ Պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կամ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
«Ադրբեջանը որևէ ձևով իրեն պարտավորված չի զգում իրավական ճանապարհով դրված հրահանգներին կամ պահանջներին հետևելու։ Նման իրավիճակում հույս դնել, որ իրավական ճանապարհով հնարավոր կլինի մեր ռազմագերիներին ու պատանդառված անձանց հայրենիք վերադարձն ապահովել կամ գոնե հստակ տեղեկատվություն իմանալ նրանց պահման մասին՝ ողջախոհ չեմ համարում»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը վստահ է՝ պետք է օգտագործվի քաղաքական գործիքակազմ, ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ։
«Երբ խոսում ենք քաղաքական ճնշումների մասին, նախևառաջ՝ խոսքը միջազգային հանրության կողմից քաղաքական ճնշման մասին է։ Այսինքն՝ այս հարցն Ադրբեջանի հետ հարաբերություններում մշտապես բարձրաձայնելու մասին է։ Միաժամանակ խոսքը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությանը, որը քաղաքական բնույթի երկխոսության մեջ, բանակցություններում չպետք է խոսույթից հեռացնի կամ չօգտագործի, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Ադրբեջանում պատանդառված անձանց ազատ արձակելու հարցը»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։
Ըստ նրա, եթե ռազմագերիների պարագայում տեսնում են, որ իրավական ու քաղաքական ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, ապա հրապարակային դաշտում կոնկրետ պատանդառված անձանց ազատ արձակելու մասին քաղաքական խոսույթ չեն նկատում։
«Շատ ավելի ցանկալի կլինի, որ Հայաստանն Ադրբեջանի հետ երկխոսություն վարելիս իր թեմաների մեջ պահի այս՝ պատանդառված անձանց վերադարձնելու հարցը»,- շեշտեց Գեղամ Ստեփանյանը։
Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը չի ներկայացնում փաստեր՝ Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ, քանի որ Ադրբեջանն ամեն օր հայկական կողմին է մեղադրում չարած արարքների համար, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց, որ հայկական կողմը միանշանակ ունի բազմաթիվ փաստեր՝ Ադրբեջանի կատարած հանցագործությունների վերաբերյալ։
«Այսօր իրավաբանական համայնքը՝ լինի ՀՀ-ում թե սփյուռքում, այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնում է, և ՀՀ-ի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին հնարավորություն կտա նաև այս հարցն առաջ տանել միջազգային ատյաններում՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ։
Նույնը կարող է նաև մեր ներքին օրենսդրական դաշտում, այսինքն՝ ՀՀ օրենսդրությամբ, բայց այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու հասանելիություն մենք չունենք։ Իսկ այն, ինչ անում է Ադրբեջանը, ամբողջովին փաստերի ու իրողությունների խեղաթյուրում է։ Արցախյան պայքարը ներկայացնել՝ որպես ահաբեկչական գործողություն, և այդ պայքարը ղեկավարած անձանց ներկայացնել ահաբեկիչներ կամ հանցագործներ՝ առհասարակ որևէ տրամաբանության ու միջազգային իրավունքի մեջ չի տեղավորվում։ Իր ազատության համար պայքարի դուրս եկած ժողովուրդը կարող է նաև դիմել բոլոր գործողություններին, սա ասում է միջազգային իրավունքը, ոչ թե ես»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։