Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը Մյունխենում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։
Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ «առանց որևէ պատճառի, հինգ ամսվա կայունությունից հետո Հայաստանի կողմից տեղի ունեցած սադրանքը, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, նպատակ ունի ձախողել խաղաղ գործընթացը»:
Միևնույն ժամանակ նշվել է, որ, «ի հեճուկս Հայաստանում ԵՄ առաքելության նպատակների, այդ առաքելությունն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության միջոց, ինչն անընդունելի է, ինչպես նաև առաքելության կողմից իրականացվող հեռադիտակային դիվանագիտությունը»։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին` Բայրամովը շեշտել է, որ «Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններին և դատարաններին ուղարկված դիմումներում պահպանվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները»: