Բաժիններ՝

Հնդկաստանում ֆերմերները ոստիկանական ԱԹՍ-ների դեմ պայքարի համար օդապարուկներ են օգտագործում

Երթով դեպի Նյու Դելի շարժվող ֆերմերները սկսել են օգտագործել օդապարուկներ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ, որոնք ոստիկանությունը կիրառում է՝ ցուցարարների տեղաշարժներին հետևելու և արցունքաբեր գազով բալոններ նետելու համար:

The Times of India պարբերականը նշում է, որ ֆերմերներն այս կերպ խանգարում են ԱԹՍ-ների թռիչքին և նույնիսկ շարքից հանում են սարքերը՝օդապարուկները խճճելով դրանց պտուտակներում։

Ոստիկանության աղբյուրներից մեկը պարբերականին հայտնել է, որ իրավապահները կարող են դիմել պրոֆեսիոնալ օդապարուկ թռցնողների օգնությանը՝ ԱԹՍ-ների վրա հարձակումները կանխելու համար։

Օդապարուկների արձակման արվեստը, ինչպես նաև օդապարուկներով մարտերը հինավուրց ավանդույթ են և զանազան փառատոների կարևոր մաս Հնդկաստանում:

Միևնույն ժամանակ IndiaTV հեռուստաալիքը հայտնում է, որ Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանի (որի կազմի մեջ է մտնում մայրաքաղաք Նյու Դելին) ոստիկանությունը պատվիրել է արցունքաբեր գազով ավելի քան 30 հազար արկ՝ պատրաստվելով դեպի մայրաքաղաք ֆերմերների բողոքի երթին։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրանետիչներ է կիրառել, որպեսզի ֆերմերներին խանգարի հասնել մայրաքաղաք: Ֆերմերների տեղաշարժերն արգելափակվել են ավազապարկերի և փշալարերի բարիկադներով։

Ֆերմերները և գյուղացիները պահանջում են օրենքի ընդունում, որը կապահովի գյուղմթերքի՝ իրենց համար ընդունելի նվազագույն գին, բերքի համալիր ապահովագրության ներդրում՝ ռիսկերի ավելի լավ կառավարման համար։ Նրանք նաև պահանջում են կենսաթոշակային ապահովման ներդրում 60 տարեկանից բարձր բոլոր ֆերմերների և գյուղատնտեսության աշխատողների համար (ներկայումս ոչ բոլոր գյուղացիներն ունեն թոշակ), ընդ որում՝ 10 հազար ռուփիից (մոտ 120 դոլարից) ոչ պակաս չափով: Գյուղացիները նաև ցանկանում են պարտքի բեռի թեթևացում, որոշ հարկերի նվազեցում, առաջադրում են այլ պահանջներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս