
Մոսկվան Բաքվի հետ կքննարկի ԼՂ–ում Մեծ հայրենականի հուշարձանների պղծման նյութերը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երկկողմ շփումների շրջանակում կքննարկի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների ոչնչացման վերաբերյալ տրամադրված բոլոր նյութերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ․ Զախարովա
Անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Հայրենական Մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների ոչնչացման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշման հարցը: Զախարովան պատասխանել է հետևյալը. «Եթե դուք նյութեր ունեք այդ կապակցությամբ, փոխանցեք ինձ, ես անպայման կմեկնաբանեմ դրանք»:
Այսօրվա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է նման գործողությունների անթույլատրելիությունը։
«Դա անթույլատրելի է`որտեղ և ում կողմից էլ որ կատարվի։ Անկախ մեր հարաբերություններից, առևտրա-հումանիտար աջակցության մակարդակից, դա անթույլատրելի է։ Երրորդը՝ Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացի մասով մենք երկու կողմերին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ», – ասել է Զախարովան։
Զախարովան նշել է, որ կողմերը պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծեն վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման համար, առանց որի Հարավային Կովկասում խաղաղության հասնելը դժվար կլինի: