«Չե՛ս պլստալու, ռուսները հո ապուշ չե՞ն. անգամ չես հասցնի զանգել Միշելին». Արթուր Մարտիրոսյան

«Փաշինյանը նման է խաղամոլի. խաղատանը խաղադրույք է արել Հայաստանի վրա և, կարծում եմ, հիմա սկսել է հասկանալ, թե ինչպիսի՞ խաղի մեջ է հայտնվել, ի՞նչ վիճակի է հասցրել Հայաստանը։ Ասում եմ՝ սկսել է, որովհետև ամբողջությամբ և մինչև վերջ չի էլ կարողանում ընկալել հասցրած աղետի աստիճանը»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով՝ Հայաստանի վրա դրված է տարածքային պահանջ, հակառակորդն օղակը հենց դրա շուրջ է սեղմում։

«Հենց պահը ձևավորվեց, ադրբեջանական կողմը հարցին կտա ուժային լուծում, մինչդեռ Փաշինյանին ու նրա թիմին թվում է, թե կարող են դրսից ճնշումների միջոցով ադրբեջանական կողմին ստիպել որևէ բան անել, մինչդեռ դա այդպես չէ։ Հենց սա՛ է վտանգավոր Հայաստանի համար»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ Հայաստանը բերել- հասցրել է ճիշտ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ ստեղծված վիճակին։ Ադրբեջանի ռազմական գործողություններն այս անգամ էլ չեն դատապարտվի և Ադրբեջանի ձեռքը բռնող չի լինի, երբ Հայաստանին պարտադրի տարածքի փոփոխություն։

Կարդացեք նաև

Հենց այդ համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առաջարկեց դիտարկել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի։

«Ավելի ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջը նոր տարածքներ ստանալն է. հենց այդ հարցն է, որ փորձում են լուծել։ Ի դեպ, Ռուսաստանն այս հարցում Հայաստանին առաջարկում է ավելի լավ տարբերակ. ճանապարհ՝ Ռուսաստանի վերահսկողությամբ։ Այսինքն՝ այն, ինչը կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում։ Այդ տարբերակն ավելի լավ է, քան այն, ինչ կարող է տեղի ունենալ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով՝ ռուսները սկսել են շատ ավելի բաց խոսել և պնդում են՝ այդ կետը չիրագործող Հայաստանի իշխանությունն իրենց կայսրությանը սպառնացող գործոններից մեկն է դարձել։

«Ռուսական կողմում կա ընկալում, որ այդ կայսրությանն այսօր ավելի շատ է վտանգում Փաշինյանը և ոչ թե՝ Ալիևը… Ռուսները հո ապուշ չե՞ն, չե՛ս պլստալու, երբ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում հաղթած դուրս եկավ։ Ոչ Բորելն է գալու ձեզ օգնի, ոչ էլ Միշելին եք հասցնելու զանգել։ Լինելու ենք մենք ու մեր այլընտրանքը, որն ինձ թվում է՝ սխալ է»,- նշեց բանակցային գործի մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս