«Եթե քաղաքական ձեռքբերումներ լինեն, նման սադրանքները կհասցվեն նվազագույնի». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հորդորեց Ներքին Հանդում տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ առաջնորդվել միայն Պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրություններով։

«Դրանից ավելի կամ պակաս, ես որևէ բան չեմ ասի։ ՊՆ-ն տրամադրում է այնքան տեղեկատվություն, որքան անհրաժեշտ է ժողովրդին, որպեսզի տեղեկանան, և այնքան, որպեսզի չխախտի մեր անվտանգային խնդիրները։ Հետևաբար, հետևեք միայն ՊՆ լրատվականին և առաջնորդվեք դրանով։

Ես հորդորում եմ բոլորին՝ համայնքի ղեկավարներին, վարչական պատասխանատուներին, ավելորդ տեղեկատվություն, մտքեր, խառը լուրեր չտան»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և հարցին՝ ինչպե՞ս է հայկական կողմը խոսում խաղաղության մասին, երբ Ադրբեջանը գնում է սադրանքների, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ նման միջադեպեր եղել են և լինելու են, դրանք պետք է նվազագույնի հասցվեն։ Իսկ դրա համար մի շարք աշխատանքներ ու միջոցառումներ պետք է իրականացվեն, ինչը, ըստ իշխանական պատգամավորի՝ արվում է՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական դաշտում։

Կարդացեք նաև

«Այո, դեպքեր են, եղել են, խնդիրը կայանում է նրանում, որ այսպիսի դեպքերն էսկալացիայի չվերածվեն և շատ արագ ավարտվեն։ Նման երկիր գոյություն չունի աշխարհում, որ մարտական գործողությունների մեջ ինչ-որ երաշխիք ունենա, որ զոհեր չեն լինելու։ Դե, սա սադրանք էր, կարծում եմ՝ ՊՆ-ում դեռևս ծառայողական քննություն կանցկացվի, թե ինչպես առաջացավ այս սադրանքը և ինչի պատճառ էին, սա հետագայում կպարզվի։

Ադրբեջանցիները լուր էին տարածել, որի կապակցությամբ, կարծում եմ՝ ծառայողական քննություն է լինելու և բազմակողմանի վերլուծությունների արդյունքում արդեն օբյեկտիվ պատկերն ի հայտ կգա»,- շեշտեց Արմեն Խաչատրյանը։

Հաջորդ հարցին՝ այս ամենը ցույց չի՞ տալիս, որ Ադրբեջանը տրամադրված չէ կայուն խաղաղության, Արմեն Խաչատրյանը պատասխանեց հարցով՝ վերջին 30 տարում տեսե՞լ եք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի։

«Իհարկե անելու է, եթե քաղաքական ձեռքբերումներ լինեն՝ խաղաղության պայմանագիր լինի կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, այդ դեպքում նման սադրանքները կհասցվեն նվազագույնի և պետք է հասցվեն։ Բայց ինչ էլ լինի, մեր զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն ցանկացած սադրանքի ու հարձակման»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ «հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», ինչից ժամեր անց  ՊՆ-ն հաղորդեց, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Տեսանյութեր

Լրահոս