Փողը գտել են նախկինները, համաձայնագիրը կնքել են նախկինները, իսկ դրա հաշվին փիառվում են ներկաները
Նիկոլ Փաշինյանը, որը Կառավարության ուղիղ եթերով հեռարձակվող նիստերն օգտագործում է ասֆալտապատված փողոցների, բակերի, պուրակների հասցեները կարդալու և անցկացրած խողովակաշարերի ամեն գծամետրը թվարկելու համար, հավանաբար, Կառավարության առաջիկա նիստերից մեկն էլ կնվիրի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, ասֆալտի որակին ու դրա վրա արված գծանմուշների ներկի գույնին։
Ասֆալտ անելը որպես փիառվելու հիմնական միջոց օգտագործող Փաշինյանը, սակայն, զլանում է նույն Կառավարության նիստի ժամանակ հայտարարել, որ այն գումարը, որով կառուցվում են այդ ճանապարհները, առկա է նախորդ իշխանության կնքած պայմանագրերի շնորհիվ։
Խոսքն այս դեպքում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև դեռևս 2016թ. նոյեմբերի 18-ին՝ Փաշինյանի վարչապետ դառնալուց տարիներ առաջ, կնքված «Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ԵՄ հարևանության ներդրումային գործիքի ներքո ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի մասին է։
Միայն այս մեկ համաձայնագրով Հայաստանի Կառավարությանը տրվել է ոչ թե վարկ, այլ դրամաշնորհ՝ 12 միլիոն եվրոյի չափով (6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ և 6 մլն եվրո տեխնիկական աջակցություն)։
Ավելին, հիմա գործող կառավարությունն իրականացնում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ տրանշը՝ ոչ միայն այդ դրամաշնորհի, այլ նաև 2013թ. նոյեմբերի 7-ին Երևանում ստորագրված 60 մլն եվրո արժեցող ֆինանսական համաձայնագրի շնորհիվ։
Այս գումարով այժմ վերակառուցվում է Լանջիկ-Գյումրի 27.47կմ ճանապարհահատվածը։
Ստացվում է՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի վերակառուցումը դրոշակ դարձրածները որպես սեփական ձեռքբերում են ներկայացնում մի բան, որի ամենակարևոր կոմպոնենտը՝ ֆինանսական բաղադրիչը, ապահովել է նախկին՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը։