Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը. Hetq.am
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին։
«Հետք»-ն ուսումնասիրել է այդ որոշման շրջանակներում աջակցություն ստացած 47 ընկերությունների ցանկը և պարզել, որ նրանց շարքում 1 ընկերություն 91.5 մլն դրամ աջակցություն ստանալուց հետո փակվել է, 33-ը բացվել են 2022 թվականի ընթացքում, նրանց մի մասը աջակցություն է ստացել նաև այլ պետական ծրագրերով: Ընկերություններից առնվազն 14-ի հիմնադիրը, իրական սեփականատերը կամ ղեկավարը Ռուսաստանի քաղաքացիներն են։ Աջակցություն ստացածների շարքում նաև համաշխարհային հայտնի և խոշոր ընկերությունների հայաստանյան մասնաճյուղեր կան։
Հայաստանի կառավարությունը շարունակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին «լավ աչքով» նայել։ 2023 թվականի վերջին հայտարարվեց, որ այս ոլորտին ևս 7 մլրդ դրամի պետական աջակցություն է տրամադրվելու։
Սա ՏՏ-ին 2022-2023թթ. տրամադրված աջակցության տրամաբանական շարունակությունն է։ Դեռևս 2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց խրախուսել այս ոլորտի կազմակերպություններին՝ հիմնավորելով, որ դրանով օժանդակում է ոլորտի զարգացմանը, բարձրացնում է ՏՏ ընկերությունների մրցունակությունը տարածաշրջանում և նպատակ ունի նպաստել բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։
Եվ, ահա, 2023-ի տարվերեջին Կառավարության նիստին հայտարարվեց, որ այդ աջակցությունը ծառայել է նպատակին։ Սահմանված կարգով պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է մոտ 7.9 միլիարդ ՀՀ դրամ: Ստեղծվել է 5854 աշխատատեղ։
Այս արդյունքներից ոգևորված՝ Հայաստանի կառավարությունը որոշել է 2024 թվականին ևս 7 մլրդ դրամ հատկացնել այս ոլորտին։ Այդ մասին առաջարկն ու նախագիծը ներկայացրել է Ռոբերտ Խաչատրյանը, որը այդ ժամանակ դեռևս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էր։
Ինչպես արդեն աջակցություն ստացած ընկերությունները, այնպես էլ ընկերությունները, որոնք մտադիր են դիմել աջակցության համար, պետք է միաժամանակ մի քանի պայմանների բավարարեն։ Օրինակ՝ 2022 թվականի մարտից հետո գրանցված աշխատողների թիվը պետք է ավելացած լինի առնվազն 10-ով, չունենան 100 հազար դրամը գերազանցող հարկային պարտավորություններ և այլն։
Մինչ նոր ընկերություններ կդիմեն աջակցության համար, փորձել ենք հասկանալ, թե որ ընկերություններն են արդեն իսկ օգտվել այս ծրագրից։
«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և ստացել նախորդ որոշմամբ պետական աջակցություն ստացած 47 ընկերությունների ցանկը և աջակցության չափերը։
Նշված ընկերություններն աջակցություն են ստացել 2022 թվականի մարտի 24-ին ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 399-Լ որոշման հիման վրա։
Պետական աջակցությունը հաշվարկվել և տրամադրվել է 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող 15 ամսվա ընթացքում։
Սա պետական անհատույց աջակցություն է, որը ընկերությունները ստացել են մի քանի ամիսների ընթացքում։
Շեշտենք, որ այս ծրագիրը կապ չունի փոխարժեքից տուժած ՏՏ ընկերությունների աջակցության ծրագրի հետ, որի մասին գրել ենք ավելի վաղ։
Աջակցություն ստացած 47 ընկերություններից 33-ը հիմնադրվել են 2022թ․-ին
Այս որոշման շրջանակներում ամենամեծ չափով աջակցությունը ստացել է «Քվանտորի ամ» ՍՊԸ-ն (Quantori)՝ 841.5 մլն դրամ կամ 2022-ի միջին փոխարժեքով՝ 1.9 մլն ԱՄՆ դոլար։
Այս ընկերությունը Հայաստանում բացվել է 2022 թվականի մարտին (սկզբում կոչվել է «Սկայլայֆ սոֆտվեյր», հետո՝ անվանափոխվել «Քվանտորի ամ»-ի)։ Հիմնադրման սկզբում ընկերության սեփականատեր է հանդիսացել Ալեքսանդր Ռուսովը, որը, դատելով անձնագրի տվյալներից, ռուսաստանցի է։ Այնուհետև, ընկերության սեփականատեր է դարձել ամերիկյան «Քվանտորի ինկ» ընկերությունը։
Ամերիկյան Quantori-ի կայքում կարդում ենք, որ ընկերությունը գրասենյակներ ունի Երևանում, Թբիլիսիում և Աստանայում։
Ընկերությունը ծրագրեր է մշակում դեղագործական արդյունաբերության համար և մեծ տվյալների մշակման հիման վրա՝ ռազմավարություններ ընկերությունների համար։
Դատելով ընկերության ղեկավար կազմից՝ Quantori-ն Հայաստան են բերել ռուսաստանցիները։ Ընկերության ներկայիս տնօրենը ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Լեզնիկովն է: Ընկերության փոխնախագահ Արտյոմ Խոզյաինովը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել և ներկայացրել ընկերության գործունեությունը:
Ի դեպ, ընկերության իրական շահառուների հայտարարագիրը e-register.am-ում բացակայում է։
Բացի այդ, տեսնում ենք, որ ընկերության նկատմամբ 2023-ի մայիսին կիրառվել է սահմանափակում։ ԴԱՀԿ-ն 2.4 մլն դրամի չափով արգելանք է դրել ընկերությանը պատկանող գույքի վրա։
Երկրորդ ամենախոշոր աջակցություն ստացած ընկերությունը «Դատաարտ.ամ» ՍՊԸ-ն է (DataArt), որը այս որոշման շրջանակներում ստացել է 793 մլն դրամի պետական աջակցություն։
DataArt-ը Հայաստանում բացվել է 2019 թվականին։ DataArt-ը միջազգային հայտնի ընկերություն է, որը գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Կիպրոսում, Ուկրաինայում, Լեհաստանում, Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում։
«Դատաարտ.ամ»-ի սեփականատերը ԱՄՆ-ում գրանցված «Դատաարտ էնթերփրայզիա ինկ.» ընկերությունն է։
Հաջորդ խոշոր աջակցություն ստացած ընկերությունը «Թիմ վորք» ՍՊԸ-ն է, որը 2023-ի օգոստոսից վերանվանվել է «Միրո Արմենիա»-ի (Miro)։ Այս որոշման շրջանակներում ստացել է 722 մլն դրամի աջակցություն։
Այս ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի մարտին։ Հիմնադրման սկզբում որպես 100% սեփականատեր հանդես է եկել Ուկրաինայի քաղաքացի Գրիգորիյ Պավլոցկիյը, սակայն հետագայում սեփականատեր է դարձել Նիդերլանդներում գրանցված «Ռեալթայմբորդ Բ. Վ.» ՍՊԸ-ն։
«Թիմ վորք»-ը, ինչպես երևում է, ակտիվորեն օգտվում է պետական աջակցության ծրագրերից։ Բացի նշված ծրագրից, այս ընկերությունը 171 մլն դրամ է ստացել մեկ այլ ծրագրով, որը Կառավարությունը ընդունել էր հիմնականում փոխարժեքի տատանումներից տուժած ընկերություններին «փրկելու» համար։
Ամենամեծ չափով աջակցություն ստացած ընկերությունների ցանկում է նաև «Էպամ Սիսթեմզ» ՍՊԸ-ն (EPAM Systems Armenia)։ Ստացել է մոտ 658 մլն դրամի պետական աջակցություն։
Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Հիմնական սեփականատերը Կիպրոսում գրանցված «Էպամ սիսթեմզ սայփրուս լիմիթեդ» ընկերությունն է։ EPAM-ը միջազգային ՏՏ ընկերություն է, որը հիմնադրվել է դեռևս 1993-ին ԱՄՆ-ում և հետագայում գրասենյակներ բացել եվրոպական երկրներում, Կանադայում, Չինաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Վրաստանում և այլ երկրներում։
Եվ հինգերորդ ամենախոշոր աջակցություն ստացած ընկերությունը «Ըլայն թեքնոլոջի» ՍՊԸ-ն է (Align Technology)։ Ստացել է 616 մլն դրամի աջակցություն։
Align Technology-ն ամերիկյան ՏՏ ընկերություն է, որը մասնագիտացված է բժշկական տեխնոլոգիաների ոլորտում, ինովացիոն լուծումներ է առաջարկում օրթոդոնտիայի ոլորտում։
Ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել 2022 թվականի մարտին՝ «Ըլայն թեքնոլոջի» ՍՊԸ-ի միջոցով։ «Ըլայն թեքնոլոջի» ՍՊԸ-ի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի, Շվեյցարիայում գրանցված «Ըլայն թեքնոլոջի սվիցերլանդ ԳՄԲՀ» ընկերությունն է։
Խոշոր աջակցություն ստացածների առաջին տասնյակում են նաև «Էնվիդիա Արմենիա»-ն (NVIDIA, մոտ 515 մլն դրամ) ու «Նեքսթըրս ստուդիո Արմենիա»-ն (NEXTERS STUDIO ARMENIA, 496 մլն դրամ), որոնք ևս Հայաստանի պետական բյուջեից հատկացվող աջակցության ակտիվ շահառուներից են։
Թե NVIDIA-ն, թե NEXTERS-ը պետական աջակցություն են ստացել նաև փոխարժեքի տատանումներից տուժած ընկերություններին տրվող ծրագրի շրջանակներում։ Այս երկու ընկերությունների մայր ընկերությունները աշխարհում հայտնի ու խոշոր ընկերություններ են։
Նշված ծրագրից օգտվել են նաև «Ինսթիգեյթ մոբայլ», «Սփորթիըն Էյ Էմ», «Օ-Էմ-Դի», «Ջեթբրեյնս ԷյԷմ» ընկերությունները, որոնք նաև այս 47 ընկերությունների ցանկում են և այստեղ ևս պետական աջակցություն են ստացել։
Ուշագրավ է, որ այս ցանկում տեղ գտած 47 ընկերություններից 33-ը հիմնադրվել են հենց 2022-ին։ Աջակցության մասին որոշումն ընդունվել է 2022-ի մարտին, ինչը նշանակում է, որ այս ընկերությունները բացումից կարճ ժամանակ անց արդեն հասցրել են օգտվել աջակցությունից։
Ցանկում տեղ գտած 14 ընկերությունների իրական սեփականատերերը կամ ղեկավարները ՌԴ քաղաքացիներ են։ Կան ռուսական ազգանունով իրական շահառուներ, որոնք սակայն ՌԴ քաղաքացի չեն և մեր նշած թվում ներառված չեն։
Ռուսական կապիտալով ընկերությունների շարքում կան այնպիսիք, որոնց մայր ընկերությունները Ռուսաստանում բավականին բարվոք ֆինանսական վիճակում են։ Օրինակ՝ Հայաստանում գործող «Կեհ Արմենիա» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին, ստացել է 496 մլն դրամի պետական աջակցություն։
Այս ընկերության սեփականատերը ռուսական «Կեխ եկոմմերց»-ն է։ Ռուսական RBC-ի բազայում տեսնում ենք, որ «КЕХ ЕКОММЕРЦ»-ը 2022 թվականին եկամուտների տեսանելի աճ է գրանցել: 2021-ին գրանցել է 42.7 մլրդ ռուբլու եկամուտ, 2022-ին՝ 64.4 մլրդ ռուբլու:
Աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը
«Էֆտեք լաբ» ՍՊԸ-ն այս 47 ընկերությունների ցանկում է։ Ստացել է 91.5 մլն դրամի պետական աջակցություն։ 2022-ի միջին փոխարժեքով այն կազմել է 210 հազար դոլար։
2022-ի մարտի 10-ին հիմնադրված ընկերությունը 2024-ի հունվարի վերջին լուծարվել է:
Հիմնադրման պահին ընկերության սեփականատեր է գրանցվել Անի Թումանյանը, որը նաև ընկերության տնօրենն է եղել։ Հետագայում սեփականատեր է դարձել Կիպրոսում գրանցված Սերգեյ Ալեքսեենկոն։
Անի Թումանյանը մեկ այլ ՏՏ ընկերության՝ «Հափփեր» ՓԲԸ-ի տնօրենն է։ «Հափփեր»-ը ևս նշված 47 ընկերությունների ցանկում է։ Մոտ 40 մլն դրամի աջակցություն է ստացել։
Անի Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Էֆտեք լաբ»-ը արտոնությունը ստացել է 2022 թվականին և արդեն մի քանի ամիս է՝ փաստացի չի գործում։ Հարցին՝ արդյոք ԲՏԱ նախարարությունը, որը հաստատել է ընկերությանը տրված օժանդակությունը, հետաքրքրվե՞լ է, թե ընկերությունն ինչ վիճակում է աջակցություն ստանալուց հետո՝ Անի Թումանյանը պատասխանեց, որ կոնկրետ իրեն նման բան հայտնի չէ։
Ինչպես նշվեց վերևում, ըստ ԲՏԱ նախարարության՝ 2022 թվականի մարտի 24-ին ընդունված որոշման գործունեության արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ։
«Հետք»-ը դիմել է նաև ԲՏԱ նախարարությանը՝ հարցումով, թե որ ընկերություններում քանի աշխատատեղ է բացվել ու փակվել այս աջակցության ստացման ժամանակահատվածում։ Նախարարությանը նաև խնդրել ենք բանավոր պարզաբանել՝ արդյոք հետևու՞մ է աջակցություն ստացած ընկերությունների հետագա ճակատագրին, ինչպե՞ս է գնահատում աջակցության ծրագրերի արդյունավետությունը։ Այս հարցերին բանավոր պատասխան նախարարությունից չենք ստացել, հետևաբար դիմել ենք գրավոր։
Հարցման արդյունքներին կանդրադառնանք առանձին։