Կուսական անհամարժեքություն հայոց խորհրդարանում

Երբ հասարակությունը չի գտնում կամ չի ցանկանում գտնել սեփական պետության, հայրենիքի դեմ բացահայտ գործողություններ իրականացնողներին կասեցնելու, կասեցնելուց հետո մեկուսացնելու միջոցները, նրանք հասարակության հետ վարվում են սեփական այլասերվածության համապատասխան։

Հայաստանի դեմ վարվող ակնհայտ հակապետական գործունեությունը, իրական, նաև խորքային պետության առկայության դեպքում, արդեն իսկ արժանացած կլիներ քրեաիրավական գնահատականի՝ դրանից բխող ամենախիստ ու ամենաճաղաշատ հետևանքներով։ Բայց դա տեղի չի ունենում, որովհետև պետության դեմ գործողները բռնազավթել են պետությունը և պետության դեմ պայքարում են պետության անունից։ Դա կասեցնելու միակ սուբյեկտը հասարակությունն է, ժողովուրդը՝ հավաքականորեն և անհատական մակարդակում։

Ձևերն ու մեթոդները փնտրելի ու գտնելի են, բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունն արձանագրի պետության դեմ վարվող քաղաքականության կործանարարությունը և երկրորդ արձանագրմամբ ընդունի, որ դրա կանխումն իր քաղաքացիական, սահմանադրական, մարդկային ու ազգային պատասխանատվությունն է։ Արձանագրելուց հետո ճանապարհների ընտրությունը գրեթե տեխնիկայի հարց է։ Եթե գործող քաղաքական ուժերը չեն կարողանում սպասարկել հանրությանը՝պետությունը փրկելու իր պատասխանատվությունը իրացնելու հարցում, կարելի է և պետք է փոխել քաղաքական ուժերին, գտնել նորերին, ստեղծել ավելի լավերը։ Բայց կրկին՝ դրա համար նախապայման է աղետի աստիճանի խնդրի ու դրան դիմակայելու հանրային սուբյեկտայնության ու պատասխանատվության գիտակցումը։

Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, պետության անունից պետությունը քանդողները շարունակելու են երկրի ու հասարակության հետ վարվել սեփական խեղված պատկերացումների հանգույն։ Վերջին օրինակը՝ կուսության ստուգումն արգելող օրենսդրական նախաձեռնությունն է, որը երեկ կուսական անհամարժեքությամբ քննարկվում էր անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող և պատերազմական սպառնալիքի առջև կանգնած երկրի խորհրդարանում։ Հասկանալի է՝ դրա հիմքում ընկած է հանրային արժեհամակարգի քայքայման, «առանց կարծրատիպերի հասարակության» կերտման արտաքին պատվերը։ Բայց դա խնդրի տեխնիկական, մակերեսային կողմն է։

Կարդացեք նաև

Խորքային մակարդակում առաջին հայացքից ծիծաղելի՝ կուսության ստուգման արգելքի մասին օրինագիծը խորհրդանշականություն ունի։ Գործող իշխանություններն ամեն ինչ անում են հանրային անտարբերության ներկայիս «կուսությունն» անառիկ պահելու համար՝ միևնույն ժամանակ օրենսդրական հիմքեր ստեղծելով ֆիզիկական հարթությունում հակառակն անելու դյուրացման նպատակով։ Եվ դա հիմնավորվում է բռնության դեմ պայքարով, ինչը նույնպես շատ խորհրդանշական է։

Իշխանությունը բռնության բոլոր հնարավոր միջոցները գործադրում է հայկական ինքնության, ավանդույթների, պատմության, հիշողության, պետության հիմնասյուների նկատմամբ, այսինքն՝ պետության հանդեպ բռնությունն այսօր մոդայիկ է ու իրենց սիրած լեզվով՝ լեգիտիմ։

Իսկ ահա նույնը՝ անհատական մակարդակում, այլևս պատժվելու է քրեորեն։ Բայց այս անհամարժեքությունն ու խորհրդանշականությունն իր հերթին՝ չափազանց օրինաչափ է։ Երբ հանրությունը չի գտնում սեփական պետության ու ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնողների մեղսունակությունն ու հավաքագրվածությունը ստուգելու ճանապարհները, նրանք օրենքներ են գրում կուսության ստուգումն արգելելու մասին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս