
Փաշինյանի աշխատակազմին ամրացված տարածքները սպասարկելու համար տրամադրվել է շուրջ 487 միլիոն դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմը տարին մեկնարկել է ենթակա տարբեր ՊՈԱԿ-ների կլորիկ դրամաշնորհներ բաշխելով: 168.am-ն արդեն անդրադարձել է «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին հատկացված 602 միլիոն 979.000 դրամանոց դրամաշնորհին, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին երկու տարբեր պայմանագրերով շնորհված միլիոնավոր դրամներին:
Մեր հերթական անդրադարձը «Սպասարկում» ՊՈԱԿ-ին տրված հերթական հարյուր-միլիոնավոր դրամներ արժեցող դրամաշնորհի մասին է:
Այսպիսով, ՀՀ հպարտ քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 486 միլիոն 956.000 դրամ դրամաշնորհ է հատկացրել «Սպասարկում» ՊՈԱԿ-ին, և պայմանագրի համաձայն՝ այդ աստղաբաշխական գումարով ՊՈԱԿ-ն իրականացնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկման ծառայությունները:
Սպասարկվող տարածքների թվում են Հանրապետության հրապարակի Կառավարական տունը, Կառավարական 3-րդ տան 2-րդ հարկը, Սարյան, Բաղրամյան, Անտառային, Նալբանդյան փողոցների վրա գտնվող տարբեր տարածքներ:
Ի դեպ, armpes պետգնումների համակարգը տեղեկացնում է՝ այս ՊՈԱԿ-ին դրամաշնորհներ սկսել են տալ բացառապես այս իշխանությունների օրոք՝ 2022 թվականից սկսած՝ ամեն տարի հատկացնելով 400 միլիոնը գերազանցող թվեր:
Մինչ այս իշխանությունների իշխանավարումը՝ ՊՈԱԿ-ին բանակցային ընթացակարգով հատկացված գումարները չեն հասել նույնիսկ 1 միլիոն դրամի: