603 միլիոն դրամ՝ կառավարական առանձնատների սպասարկման համար. վարչապետի աշխատակազմի՝ ավանդույթ դարձած դրամաշնորհը
Վարչապետի աշխատակազմը, հավատարիմ մնալով «թավշյա» ավանդույթին, դարձյալ դրամաշնորհի ձևով մի կլորիկ թիվ է տրամադրել «Կառավարական տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման ու սպասարկման համար:
Այսպիսով, հարգելի «հպարտ քաղաքացի», բարձրաստիճան պաշտոնյաների կառավարական դաչաների սպասարկման համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ:
Ըստ armeps պետգնումների համակարգի՝ 2022 թվականին այդ ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհ-հատկացումը կազմել էր 487 միլիոն 741 հազար 500 դրամ, իսկ 2023 թ.-ին՝ 542 միլիոն 465 հազար 200 դրամ:
Թավշյա իրադարձություններից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի անունը մեկ անգամ չէ, որ հիշել են լրատվամիջոցները. նախ ՊՎԾ-ն էր խախտումներ արձանագրել ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, ապա հայտնի էր դարձել, որ Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է. «Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է»։
Հիշեցենք, որ ըստ պաշտոնական ժամանակագրության՝ նոր իշխանությունները ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում սկզբում նշանակել էին Հակոբ Սիմիդյանին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար), ապա՝ Արեգ Սավգուլյանին, որին հաջորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթում և armtimes.com էլեկտրոնային կայքում՝ որպես հաշվապահ աշխատած Արուս Մանավազյանի նշանակումը:
Արուս Մանավազյանը լրացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական շարքերը, իսկ նրա տեղում հայտնվեց Փաշինյանի հետ բարեկամական առնչություն ունեցող հերթական անձը՝ Աննա Հակոբյանի ազգականը՝ Անժելիկա Շապովալովան՝ պատգամավոր Էդգար Հակոբյանի կինը:
Ըստ վերջին պայմանագրի՝ այս պահին ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում է Էմիլ Մանուկյանը: