Աստղաբաշխական թվերով հերթական դրամաշնորհը «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին
Վարչապետի աշխատակազմը մեկ օրում դրամաշնորհի երկու պայմանագիր է կնքել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով:
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ հունվարի 19-ին կնքված առաջին պայմանագրով 731 միլիոն 763.000 դրամ կամ ավելի քան 1.8 միլիոն դոլար է տրամադրվել Կառավարության գործունեության լուսաբանման, թեմատիկ վերլուծությունների և ԶԼՄ-ների ամենօրյա մշտադիտարկման համար:
Ըստ պայմանագրի՝ կառավարության գործունեությունը պետք է լուսաբանվի միջազգային և տեղեկան լրատվամիջոցներով, սոցիալական հարթակներում, պետք է ուսումնասիրվեն և թեմատիկ նյութեր պատրաստվեն միջազգային, տարածաշրջանային քաղաքական զարգացումների մասին և այլն:
Պայմանագրից դուրս՝ մամուլը մեկ անգամ չէ, որ նշել է այս ՊՈԱԿԻ ֆեյքային անձնվեր արշավների մասին ընդդեմ այն գործիչների ու ուժերի, որոնք քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը:
Նույն օրը կնքված երկրորդ պայմանագրով` 16 միլիոն 500.000 դրամ դրամաշնորհով էլ ՊՈԱԿ-ը կաջակցի Սփյուռքի հայալեզու լրատվամիջոցներին. պայմանագրով, սակայն չի նշվում, թե ինչ լրատվամիջոցների մասին է խոսքը:
168.am-ը պարբերաբար անդրադառնում է այս ՊՈԱԿ-ի ստացած դրամաշնորհներին, որոնք 2022 թվականից ավանդույթ են դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից. 2022 թվականից մինչ օրս միլիոնավոր դրամների դրամաշնորհի 8 պայմանագիր է կնքվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: