Նախագահի հրամանագրերով պարգևատրումների փոխարեն՝ վարչապետի հուշամեդալ կամ Փաշինյանի աշխատակազմի հերթական «նավոդկան»

Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում, որի բովանդակությանն արդեն անդրադարձել ենք։ Միջոցառմանը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ապահովել էր իր ներկայությունը տոնական հավաքին, այդ օրը նա նույնիսկ լակոնիկ ուղերձ էր հղել: Բայց, ինչպես ասում են, պատմությունն այսքանով ավարտվում է: Նիկոլ Փաշինյանի «հրահանգով» Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրումներ չեղան բանակի օրվա առիթով, զինվորական բարձր կոչումներ չշնորհվեցին:

Իսկ այս տարի ևս ժամանակ առ ժամանակ բավականին լարված է եղել սահմանին, և չի բացառվում, որ դիրքում շարքային զինվորի ու սպայի շնորհիվ դիրքային տարածքների կորուստներ չենք ունեցել: Այսինքն, սպասում են, որ զոհ լինի, որ հետմահու պարգևատրե՞ն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է վնաս հասցնել զինվորականության բարոյահոգեբանական վիճակին և իր վերաբերմունքը չի էլ թաքցնում:

Նախ՝ Նոր տարվա նախաշեմին որոշում է դիրքեր չգնալ, այնուհետ՝ չշնորհել հատուկ պարգևներ: Գուցե հիմա Փաշինյանն ասի՝ չէ՞որ բանակի օրը պարգևատրում եղել է: Ի՞նչ պարգևատրում: Մի քանի հոգու վարչապետի հուշամեդա՞լ, ընդ որում, պարգևատրվողներից մեկը մի քանի օր առաջ 6-ամսյա պարտադիր ժամկետային ծառայության մասնակից դարձած Միլենա Ենոքյանն էր, որի երդման արարողությունը որոշել էին Մարզահամերգային համալիրում կազմակերպել:

Կարդացեք նաև

Այս ամենի ֆոնին դրական է, որ, ըստ 168.am-ի տեղեկությունների, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բավականին թվով զինծառայողների պարգևատրել է գերատեսչական մեդալներով:

Իսկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պարգևատրման արարողությունը չէր կարող անցնել առանց «ուշագրավ» դեպքի:

Պարգևատրման ժամանակ սպան, որը ներկայացնում էր հատուկ նշանակության գունդը, ավելին, դրա հրամանատարն էր, հարկ համարեց «գաղտնազերծել» իր ով լինելը, իսկ ավելի ուշ վարչապետի կայքում պարգևատրման հատվածի տեսանյութը տեղադրվեց՝ առանց այդ սպայի դեմքը փակելու: Սա, ի դեպ, առաջին նման դեպքը չէ: 2023 թվականի օգոստոսին գրել էինք, որ օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը բանակային խաղերի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:

Փաշինյանը Տավուշի մարզում ներկա էր գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին, որի շրջանակում առանձին-առանձին մոտեցել էր խաղերի մասնակիցներին՝ ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն և ՊՆ-ն ներկայացնող:

Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներից մեկը չէր թաքցրել, որ ծառայում է հատուկ նշանակության գնդում, և իր տվյալները, ազգանունը հայտնել էր, իսկ Փաշինյանի աշխատակազմը ոչ միայն այս ամենը նկարահանել էր, այլև հրապարակել՝ առանց զինծառայողի դեմքը փակելու:

Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով հատուկ նշանակության զինծառայողների ծառայության բնույթը և պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ ադրբեջանական կողմը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացրած քաղաքացիական և ոչ քաղաքացիական անձանց:

Ի դեպ, Փաշինյանի աշխատակազմի հրապարակած օգոստոսյան տեսանյութում չէին փակվել նաև ԱԱԾ ծառայողների դեմքերը:

Իսկ այն, որ Փաշինյանի աշխատակազմի արածն անթույլատրելի էր, ըստ էության, հետո փաստել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը. բանակային խաղերի փակման արարողության մասին նրանց տարածած հաղորդագրությանը կից լուսանկարներում փակ էին ԱԱԾ ծառայողների և հատուկ առաջադրանք կատարողների դեմքերը, կամ չէին էլ հրապարակել:

Մյուս կողմից, այս հարցերում պետք է զգույշ լինեն նաև սպաները և սահմանափակվեն միայն անուն-ազգանունն ու կոչումն ասելով:

Տեսանյութեր

Լրահոս