Իրանում սպանված 9 օտարերկրացիները պակիստանցիներ են եղել. Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանն ու Պակիստանը թույլ չեն տա, որ երկու երկրների եղբայրական հարաբերությունները խաթարվեն, շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է Mehr-ը։
Քանանին խստորեն դատապարտել է շաբաթ առավոտյան Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան արվարձանում անհայտ զինյալների զինված գործողությունը, որը, ըստ նախնական տվյալների, հանգեցրել է Պակիստանի 9 քաղաքացիների մահվանը և ևս 3-ի վիրավորմանը և ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և զոհվածների ընտանիքներին։
Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ միջադեպի հետաքննությունը դեռ շարունակվում է Իրանի դատական և հետախուզական կառույցների կողմից։