Իրանում հերքել են ԱՄՆ-ի այն պնդումները, որ Թեհրանը նախազգուշացվել է Քերմանում պատրաստվող ահաբեկչության մասին
Միացյալ Նահանգներում հայտնել են, որ Իրանին նախապես տեղեկացրել են հունվարի 3-ին իրանական Քերման քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողության մասին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ: Իրանական կողմը հերքել է այդ տեղեկությունը։
CBS News-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին, հայտնել է, որ նախապատրաստվող գործողության մասին տեղեկությունը ստացվել է հետախուզական տվյալների հիման վրա, և իրանական կողմին այն մասին նախազգուշացրել են ահաբեկչությունից 1 շաբաթ։
«Քերմանում 2024 թ․ հունվարի 3-ին ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական գրոհից առաջ ԱՄՆ կառավարությունը Իրանին մասնավոր զգուշացում է հղել այն մասին, որ իրանական տարածքում առկա է ահաբեկչության սպառնալիք: ԱՄՆ կառավարությունը հետևել է բոլոր վարչակազմերի կողմից որդեգրած «զգուշացնելու պարտավորության» վաղեմի քաղաքականությանը, որի համաձայն՝ կառավարությունները զգուշացվում են հնարավոր մահացու սպառնալիքների մասին», – CBS News-ին տեղեկացրել է ամերիկյան պաշտոնյաներից մեկը:
ԱՄՆ պաշտոնյաները հրաժարվել են նախազգուշացման բնույթի և ժամկետի, դրա հիմքում ընկած հետախուզական տվյալների և Թեհրանից ստացած պատասխանի վերաբերյալ մանրամասներ հաղորդել:
Ըստ հրապարակման՝ վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մասնավոր հաղորդագրություններ է հղել Իրանին՝ Կարմիր ծովում Եմենի հութի ապստամբների իրականացրած գրոհների վերաբերյալ: Սակայն Բայդենը չի հիշատակել Իրանում ԻՊ-ի հնարավոր հարձակման վերաբերյալ կողմերի միջև որևէ շփման մասին:
Մինչդեռ Իրանի արտգործնախարարությունում իրանական IRNA գործակալության աղբյուրը հերքել է Քերմանում պատրաստվող ահաբեկչության վերաբերյալ ԱՄՆ-ից զգուշացումներ ստանալու մասին տեղեկատվությունը: Իսկ Իրանի հատուկ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի գաղտնի հաղորդագրությունը «միտված էր ապահովագրելու Վաշինգտոնը Թեհրանի պատասխան հարվածից՝ հատկապես Գազայում Իսրայելի սկսած պատերազմից հետո»:
Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, 284 մարդ վիրավորվել է։