Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի պատճառը քաղաքական չէ, կապ չունի Արայիկ Հարությունյանի եղբոր հետ. Վարազդատ Հարությունյան

«Տիրան Խաչատրյանին վերագրվել է մի արարք, որի հետ նա կապ չունի: Մամուլում շրջանառվում էր, որ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ վեճի առիթը քաղաքական է, կապ ունի Արցախի նախագահ, այժմ գերեվարության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի եղբոր հետ: Ես ևս մեկ անգամ դա հերքում եմ: Վեճն Արայիկ Հարությունյանի եղբոր հետ կապված չի եղել: Նրա եղբայրը դեպքի մասնակից չի եղել: Վեճը քաղաքական որևէ ենթատեքստ, առիթ, պատճառ չի ունեցել, նույնիսկ նախաառիթ չի ունեցել: Պատճառն անձնական է եղել, եղել է վիճաբանություն, որը ծագել է կոնկրետ տվյալ իրավիճակում մարդկանց՝ միմյանց ընկալման հետ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպին ու դրա արդյունքում նրա ձերբակալությանն ու կալանավորմանը:

Նրա խոսքով՝ ծագած վեճը ստացել է լայն բնույթ. Տիրան Խաչատրյանին ծեծել են, և իր կյանքն ու առողջությունը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ Տիրան Խաչատրյանն իրեն ամրակցված օրինական զենքից կրակել է օդ, իսկ երկրորդ կրակոցը եղել պատահական, դատարկ ուղղությամբ, որն անդրադարձով դիպել է վեճի հետ կապ չունեցող անձի ձեռքին՝ պատճառելով թեթև մարմնական վնասվածք: Նշված անձը բողոք չունի, և այդ մասով մեղադրանք չկա առաջադրված:

«Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար: Նախ խուլիգանություն՝ որպես այդպիսին, չի եղել: Խուլիգանական որևէ նկատառումներ Տիրան Խաչատրյանը համենայն դեպս չի ունեցել: Վեճն արագ ավարտվել է: Տիրան Խաչատրյանը 2-րդ անգամ է վերադարձել մի երկու ժամ հետո, որ վեճը հարթի, իրար հասկանան: Բայց Տիրան Խաչատրյանն անակնկալի է եկել, որովհետև նրան միանգամից մի քանի հոգով հարվածել են: Խուլիգանությունը՝ չկայացած մարդու կայացման դրսևորում է, որը զուգորդվում է հայհոյանքներով, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով: Երբ մարդն իր կյանքը պաշտպանելու համար դիմում է զենքի, կրակում օդ, որը հաստատված փաստ է, այդտեղ խուլիգանության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ Տիրան Խաչատրյանի մասով անգամ ալկոհոլի գործոն չկա:

Պաշտպանը նկատեց՝ ուշագրավ է, որ այս դեպքի վերաբերյալ օպերատիվ բոլոր տվյալներն անմիջապես հայտնվում էին իշխանությանը սպասարկող կայքերում:

Կարդացեք նաև

«Ես Տիրան Խաչատրյանի հետ էի, քննարկում էինք բաժին ներկայանալը: Ոստիկանության աշխատակիցները եկան, իրեն ձեռնաշղթաներով տարան, ասացին, որ պիտի նկարեն: Ես ասացի՝ վստահ եմ՝ ձեր նկարածը հայտնվելու է այդ լրատվական կայքերում: Մինչև մենք Ջրվեժից հասանք Աբովյանի բաժին, արդեն հայտնվեց «Հայկական ժամանակում», «Արարատնյուզում»: Սա անընդունելի է»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գեներալի կալանավորմանը, պաշտպանի խոսքով՝ որպես կալանքի հիմք՝ նշվել է փախուստը, և սա այն դեպքում, երբ ներկայացվել են բոլոր ապացույցները, որ վերջինս փախչելու մտադրություն չի ունեցել:

«Քննիչը կալանքի միջնորդության մեջ գրել է՝ դեպքից հետո Տիրան Խաչատրյանը չի գնացել տուն, չի ներկայացել ոստիկանության բաժին: Ես չեմ պատկերացնում մի տղամարդ, ով վեճից հետո վնասվածքներով, ցեխոտ շորերով գնա տուն»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

Որպես քննությանը խոչընդոտելու հիմք՝ նշվել է ստանդարտ ձևակերպումը՝ գեներալի հեղինակությունը:

Վարազդատ Հարությունյանը նշեց նաև, որ դատական ակտը թեական, աբստրակտ, չպատճառաբանված դատական ակտ է, որն իրենք արդեն բողոքարկել են Վերաքննիչ դատարան:

«Բուն միջադեպի մասով ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, բայց դեպքից հետո Տիրան Խաչատրյանի նկատմամբ իրականացվողը, ներառյալ այն, որ կալանավորման պահից սկսած՝ Տիրան Խաչատրյանի նկատմամբ ոչ մի վարութային գործողություն չի իրականացվել, մեզ հիմք են տալիս մտածել, որ այստեղ կան այլ նպատակներ: Պետք չէ հեռու գնալ: Տիրան Խաչատրյանը, 3 տարի է՝ պարբերական ու խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին, և ես վստահ եմ, որ այս միջադեպը գործող իշխանությունների համար լավ առիթ էր Տիրան Խաչատրյանի նկատմամբ խիստ պատժողական քաղաքականություն իրականացնելու համար, այդ թվում՝ կալանքի միջոցով: Ըստ այդմ, միջադեպը քաղաքական չէ, բայց հետապնդումը քաղաքական է»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս