էլեկտրաէներգիայի որակի հարցում, ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք, Փաշինյան
Վերականգնվող Էլեկտրաէներգիայի ոլորտը Հայաստանում բավականին լավ զարգանում է: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ պետք են համագործակցության ռազմավարական պայմանագրեր: Խնդիրը հետևյալն է՝ մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա, ի՞նչ անենք այդ էլեկտրաէներգիան՝ կուտակե՞նք: Այդ կուտակումն, ինչպես ասվեց, այսօրվա տեխնոլոգիաներով շատ թանկ է: Այս տրամաբանությամբ ավելի արդյունավետ կլինի արտադրել էլեկտրաէներգիա, արտահանել այդ էլեկտրաէներգիան, կուտակել դրանից ստացվող միջոցը և այդ միջոցը, ըստ անհրաժեշտության, հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար»:
Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է էլեկտրաէներգիայի որակին և նշել. «Այստեղ ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն: Առաջին խնդիրն էլեկտրաէներգիայի մատակարարման որակն է, որ անխափան լինի և երկրորդը՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը»:
Ի պատասխան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշել է, որ խնդիրը նաև որոշ տեղերում որակի հետ կապված վատթարացումների է բերել և ընդգծել. «Սպասարկման որակի խախտման համար էր, որ ես ասացի, մատակարարը 580 մլն գումար է վճարել սպառողներին: Այսինքն, եթե 4 ժամում չի վերականգնում, օրինակ, մի խումբ սպառողների էլեկտրամատակարարում, ավտոմատ հաշվանցում է գումար հաջորդ ամսվա՝ որպես կանխավճար: Ամեն տարի մոտ 120 մլն դրամի տույժ է վճարում»:
Այս առումով Փաշինյանն ընդգծել է. «Այսինքն՝ այնուամենայնիվ, մեխանիզմը գործարկել ենք, որով պետք է բոլոր ստանդարտներով այդ որակի առաջընթացը տեսանելի երևա»:
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև գազամատակարարման, ջրամատակարարման, հեռահաղորդակցության ոլորտներում կարգավորումներին, առկա խնդիրներին, դրանց լուծման հետագա քայլերին: