2 տարի ՍԴ-ում դիմումը քնեցնելուց, վարույթը կասեցնելուց, հիմնական զեկուցողին Սեդա Սաֆարյանով փոխարինելուց հետո վերջապես «Դատական օրենսգիրքը» ճանաչվեց Սահմանադրությանը համապատասխանող
Երեկ՝ հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանը վերջապես որոշում հրապարակեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հիգերորդի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ: Գործը քննվել էր գրավոր ընթացակարգով… Շուրջ երկու տարի: ՍԴ դիմել էր ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը ԱԺ կողմից ընդունվել է 2018թ. փետրվարի 7-ին, ՀՀ նախագահի կողմից ստորագրվել՝ 2018թ. փետրվարի 10-ին, և ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ին:
Դատական օրենսգրքի՝ «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները» վերտառությամբ 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է.
«1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`
1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.
2) Լիազոր մարմինը.
3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում»:
Դատական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը լրացվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքով (ընդունվել է 2020 թվականի մարտի 25-ին, ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 2-ին), որով վիճարկվող հոդվածի 1-ին մասը լրացվել է 3-րդ կետով՝ հետևյալ ձևակերպմամբ.
«3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում»։
Գործի քննության առիթը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի՝ 2022 թ. փետրվարի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է: Սահմանադրական դատարանը 2022թ. նոյեմբերի 8-ի ՍԴԱՈ-177 աշխատակարգային որոշմամբ կասեցրել է նշված գործի վարույթը՝ լրացուցիչ նյութեր հետազոտելու և տեղեկություններ ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված։
2022թ. դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի՝ սույն գործով զեկուցող դատավորի լիազորությունները դադարել են, և Սահմանադրական դատարանի 2023 թ. հունվարի 10-ի ՍԴԱՈ-2 աշխատակարգային որոշմամբ սույն գործով նոր զեկուցող դատավոր է նշանակվել: Եվ թեպետ ՍԴ որոշման մեջ նշված չէր նոր զեկուցողի անունը, դժվար չէր կռահել, որ նոր զեկուցողը Սեդա Սաֆարյանն էր:
Սահմանադրական դատարանի 2024 թ. հունվարի 9-ի ՍԴԱՈ-7 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թ. հունվարի 16-ին:
Դիմողի դիրքորոշումները՝
Դիմողը գտնում է, որ Դատական օրենսգրքով Արդարադատության նախարարի՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի համապատասխանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին և հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի պահանջներին: Դիմողը պնդում է. «(…) նշված գործիքակազմը լայնորեն իրացվում է Արդարադատության նախարարի կողմից, որը եթե հանդիսանար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միակ գործիքակազմը, կարող էր ունենալ իրավաչափ հետապնդվող նպատակ, սակայն հենց նույն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը որևէ կերպ չի դիտարկում Արդարադատության նախարարությանը որպես միակ կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտ»: Սույն համատեքստում Դիմողն ընդգծում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դերը և նշում, որ պատահական չէ, որ այն բաղկացած չէ բացառապես դատավորներից, այլ նաև ոչ դատավոր անդամներից, ինչը հենց պետք է երաշխավորեր Արդարադատության նախարարության՝ որպես կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտի կառուցակարգի վերացումը:
Ուշագրավ է, որ Դիմողի կարծիքով՝ միջազգային իրավական զարգացումներին համընթաց՝ պետք է իրականացվի նաև նշված հարցի վերաբերյալ օրենսդրական քաղաքականություն։ Մինչդեռ, չնայած Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (այսուհետ նաև՝ ԳՐԵԿՈ) ներկայացրած ունիվերսալ բնույթ ունեցող առաջարկներին, որևէ գործողություն չի իրականացվում նշված հարցի վերաբերյալ, իսկ նշված խնդիրն օրենսդրի տիրույթում հաղթահարման ենթակա չէ, իսկ կարգապահական վարույթների թիվն ինքնին պարզ է դարձնում, որ այն գործադիր իշխանության կողմից ոչ թե իրականացվում է որպես բացառիկ միջոց կամ բացառություն ընդհանուր կանոնից, այլ որպես լայնորեն իրացման ենթակա գործիքակազմ, ինչը պետք է գնահատվի Սահմանադրական դատարանի կողմից՝ պնդելով, որ Սահմանադրական դատարանի կողմից սույն հարցի սահմանադրականության գնահատման տեսանկյունից երբևէ քննության առարկա չեն դարձել դիմումում ներկայացված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մոտեցումներն ու առաջարկները:
Ըստ էության դիմումի հիմքը հենց ԳՐԵԿՈ-ի պահանջն էր, ինչի մասին ՍԴ որոշման մեջ որևէ հիշատակում չկա: Նկատենք, որ դեռևս 2018թ. ԳՐԵԿՈ-ն ՀՀ-ին հանձնարարել է խիստ սահմանափակել Արդարադատության նախարարության կողմից միջնորդվող կարգապահական վարույթների թիվը:
Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող) իր դիրքորոշումներում անհամաձայնություն է հայտնում Դիմողի այն փաստարկին, որ գործադիր իշխանությունը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անհամաձայնություն ունենալով ցանկացած դատավորի կողմից կայացված որոշման հետ, իր վերաբերմունքը կարող է դրսևորել՝ դատավորին կարգապահական հետապնդման ենթարկելով:
Պատասխանողը գտնում է նաև, որ նշված իրավակարգավորումներով պայմանավորված՝ Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական 7 վարույթ հարուցելու լիազորությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել՝ որպես գործադիր իշխանություն-դատական իշխանություն բաժանման ու հավասարակշռման սահմանադրական անհամապատասխանություն, քանի որ Արդարադատության նախարարը նախաձեռնում է կարգապահական վարույթ, իսկ վերջնական որոշում կայացնելու լիազորությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը:
Այսինքն՝ թեև կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահված է Արդարադատության նախարարին, այնուամենայնիվ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը:
Այ այստեղ, ինչպես ասում են, ստոպ…
Այս դիրքորոշումը, իհարկե, կյանքի իրավունք կունենար, եթե Արդարադատության նախարարը չլիներ Գրիգոր Մինասյանը, իսկ ԲԴԽ նախագահը՝ Կարեն Անդրեասյանը:
Այս երկուսն այնպիսի չհերքված փոխկապակցվածություն ունեն, ընդհանուր բիզնես ու ընկերական, գործընկերային շահեր ու հարաբերություններ, այնքան մտերիմ են միմյանց հետ, որ չեն պատկերացնում, որ որևէ երեկո հնարավոր է առանձին անցկացնել: Ու այս պայմաններում ասել, որ նախարարը հարուցում է, բայց ԲԴԽ-ն է կայացնում որոշումը, ծաղր է արդարադատության ու հենց ԲԴԽ անդամների համար, ովքեր լուռումունջ, առանց հակառակվելու, գրեթե բացարձակ կոնսենսուսով դակում են Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան զույգի համատեղ կայացրած որոշումները՝ դադարեցնելով այն դատավորների լիազորությունները, ովքեր հնազանդ չեն իրենց:
Սահմանադրական դատարանի դիրքորոշմանն անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Ոոշումը հրապարակված է, ցանկացողները կարող են ծանոթանալ, թե ինչ ջանասիրությամբ է ՍԴ-ն հիմնավորել Պատասխանողի դիրքորոշումները:
Այսպիսով՝ Դիմումը ՍԴ մուտք անելուց 2 տարի անց, հիմնական զեկուցողին փոխելով ու նրա փոխարեն Սեդա Սաֆարյանին նշանակելով՝ ՍԴ-ն որոշեց՝
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: