«Աննախադեպերի» շքերթը շարունակվում է. որքանո՞վ է «աննախադեպ» Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն
Երևանի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի նիստով ընդունվեց Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն։ Բյուջեի նախագիծը ներկայացնելիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այն անվանեց «աննախադեպ». «…Իրականում սա շատ հավակնոտ բյուջե է, և սեփական եկամուտների մասով այն աննախադեպ է»։
Դեռևս նախքան ընդունումը (նաև ընդունումից հետո) Երևան քաղաքի 2024թ. բյուջեի որոշ դրույթներ՝ կապված տեղական տուրքերի և վճարների (այդ թվում՝ ավտոկայանատեղիի) դրույքաչափերի բարձրացման, ստացվելիք պաշտոնական դրամաշնորհների, իրականացվելիք կապիտալ ծախսերի հետ, դարձան հանրային լուրջ քննարկումների ու բանավեճերի առարկա։
Երևանի քաղաքապետի 2024թ. բյուջետային ուղերձում հպարտությամբ նշվում է, որ 2024թ. բյուջեի եկամուտները 2023թ. հաստատված բյուջեի ցուցանիշին գերազանցում են 18.6%-ով։ Սակայն հատկանշական է, որ 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված եկամուտները հետագայում ճշտված պլանով բարձրացվել էին 13.1%-ով։ Այսինքն՝ 2024թ. բյուջեի ընդհանուր եկամուտները 2023-ի ճշտված պլանի ցուցանիշի համեմատ ավելի են ընդամենը 4.9%-ով։
Իրականում, բյուջեի հանգամանալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եկամուտների աճն առավելապես ապահովվելու է տեղական տուրքերի, տեղական վճարների և գույքային հարկերի դրույքաչափերի բարձրացման հաշվին և բնավ չի վկայում հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման կամ եկամտային նոր ուղղությունների ներգրավման մասին։ Ավելին, մի շարք կարևոր եկամտային ուղղություններով ակնկալվում է մուտքերի նվազում։
Օրինակ՝ պաշտոնական դրամաշնորհների ծավալը 2023թ. համեմատ նվազելու է 29.7%-ով կամ 6.7 մլրդ դրամով, իսկ միջազգային կազմակերպություններից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհների ծավալը նվազելու է 100%-ով (2023-ի բյուջեում դրանք շուրջ 1.4 մլրդ դրամ են)։
Հարկ է նշել, որ 2024թ. բյուջետային ուղերձում բոլոր դրական փոփոխությունները ներկայացված են չափազանց նպաստավոր լույսի ներքո։ Դրան հակառակ, բացասական փոփոխությունների մասին կա՛մ նշված է «հպանցիկ», կա՛մ դրանց մասին ընդհանրապես չի հիշատակվում։ Օրինակ՝ բյուջեի ընդհանուր եկամուտների մեջ սեփական եկամուտների տեսակարար կշռի աճը ներկայացվում է որպես լուրջ ձեռքբերում, մինչդեռ չի նշվում, որ հիմնական պատճառը մի կողմից՝ դրամաշնորհների ծավալի զգալի կրճատումն է, մյուս կողմից՝ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացումը։ Կամ, օրինակ, ուղերձում հպանցիկ անդրադարձ է կատարված այն հանգամանքին, որ կրճատվել են ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները և սուբվենցիաները, սակայն չեն նշվում կրճատման պատճառը և ազդեցությունը։
2023թ. ընթացքում Երևանի բյուջեի եկամտային բաժնի զգալի մասն ապահովվել է գույքային հարկերի՝ անշարժ գույքի հարկի (օրենսդրական փոփոխություններով դրույքաչափերի բարձրացման արդյունքում) և տրանսպորտային միջոցների գույքահարկի հաշվին։ Այս տարի ևս Երևանի բյուջեի եկամտային մասի 2023թ. ճշտված պլանի համեմատ 4.9% չնչին աճն ակնկալվում է ապահովել օրենսդրական փոփոխությունների հաշվին։
Ինչպես և նախորդ տարում, բյուջեի եկամուտների հավաքագրման գործում մեծ դեր են խաղալու գույքային հարկերը, որոնց գծով պլանավորվող մուտքերի ավելացումը հիմնականում պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, ըստ որոնց՝ անշարժ գույքի սեփականատերերը 2024թ.-ին պետք է վճարեն իրենց գույքի համար հաշվարկված գույքահարկի 50%-ը՝ 2023թ.-ի 35%-ի դիմաց։
Այսինքն՝ գույքահարկի գծով բնակչության ծախսերը 2023թ.-ի համեմատ շուրջ կիսով չափ կավելանան: Այս մասին բյուջետային ուղերձն ընդհանրապես «լռում է»։ Ի դեպ, անշարժ գույքի գծով գույքահարկի՝ 2024թ. բյուջեով պլանավորվող մուտքերի աճի տեմպը գրեթե եռակի զիջում է գույքահարկի գծով բնակչության ծախսերի աճի տեմպին։ Այս փաստը վկայում է այն մասին, որ գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացումը պայմանավորված է ոչ թե քաղաքացիների կողմից պատշաճ վարքագծով վճարումների մակարդակի ավելացմամբ կամ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ, այլ պարզապես օրենսդրական փոփոխության (հարկային պարտավորությունների բարձրացման) արդյունք է:
Երևան քաղաքի 2024թ. բյուջեով ծրագրվում է, որ տեղական տուրքերի ծավալը կաճի շուրջ 3.6 անգամ։ Ծավալի աճը պայմանավորված է մի քանի տեղական տուրքերի (մասնավորապես՝ նավթամթերքների, ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի, բացօթյա առևտուր կազմակերպելու, որոշ առևտրային օբյեկտների՝ գիշերային ժամերին աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և այլ թույլտվությունների համար) դրույքաչափերի կտրուկ (մինչև 50 անգամ) բարձրացմամբ, ինչպես նաև գանձվող տեղական տուրքերի ցանկի ընդլայնմամբ։
Տեղական վճարները նույնպես էապես՝ շուրջ 2.9 անգամ, աճելու են՝ հիմնականում պայմանավորված մի շարք թույլտվությունների (նախագծման կամ նախագծի փոփոխության կատարման թույլտվություն, շինարարության թույլտվություն և այլն), ինչպես նաև որոշ փաստաթղթերի (Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի փոխանակությանը, գործառնական նշանակության փոփոխությանը, սահմանների ճշտմանը և այլ խնդիրների վերաբերող) պատրաստման համար գանձվող վճարների դրույքաչափերի կտրուկ աճով։
Մինչդեռ բյուջետային ուղերձում բյուջեի եկամուտների աճում տեղական տուրքերի և տեղական վճարների դերի մասին ընդամենը հպանցիկ անդրադարձ է կատարված։ Այնինչ իրականում բյուջեի եկամուտների աճի «առյուծի բաժինը» ձևավորվելու է հենց դրանց շնորհիվ։
Ի դեպ, անհասկանալի է, թե ինչո՞ւ, չնայած ավտոկայանման վճարի դրույքաչափերի ահռելի (մինչև 13.3 անգամ) բարձրացմանը, 2024թ. բյուջեով նախատեսվում է կայանման համար գանձվելիք վճարների բավական «համեստ»՝ ընդամենը 12.4%, աճ։ Այնպիսի տպավորություն է, որ դա արվել է կա՛մ «միտումնավոր»՝ խուսափելու համար այն մեղադրանքից, որ դրույքաչափերի բարձրացման հիմնական նպատակը «բյուջե լցնելն» է, կա՛մ համոզված լինելով, որ դրույքաչափերի կտրուկ աճի պատճառով գրեթե նույնքան կտրուկ կնվազի կայանվող ավտոմեքենաների թիվը։
Քաղաքային իշխանությունն ավտոկայանման վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում է Երևանը (հատկապես՝ կենտրոնը) ավտոմեքենաներից «բեռնաթափելու» հրատապ անհրաժեշտությամբ։ Ընդունելով հանդերձ այս խնդրի հույժ կարևորությունը, այնուամենայնիվ, անժխտելի է, որ դրա լուծման այսպիսի արմատական եղանակին պետք է նախորդած լինեին մի շարք առաջնահերթ քայլեր։ Մասնավորապես, պետք է նախապես՝
- կենտրոնին հարակից տարածքներում՝ հիմնական հասարակական տրանսպորտի երթուղիներին համեմատաբար մոտիկ վայրերում, ստեղծվեին ավտոկայանման այնպիսի հնարավորություններ, որ կենտրոն գնացող վարորդները ավտոմեքենան կայանեին կենտրոնին հարակից տարածքներում և կենտրոն գնային հանրային տրանսպորտով,
- ընդլայնվեր ավտոկայանման ծառայության բովանդակությունը (օրինակ՝ ավտոկայանատեղիի ապահովագրության հաշվին՝ կայանվող ավտոմեքենաների համար տրվեին անվտանգության երաշխիքներ, կամ ավտոմեքենայի կայանման դեպքում վարորդն ավտոմատ կերպով ծանուցվեր վճարման անհրաժեշտության մասին՝ միաժամանակ նույն ծանուցմամբ առաջարկվեին վճարման մի քանի հնարավոր տարբերակներ և այլն),
- լուծվեր կենտրոնի բնակիչների՝ իրենց բնակության վայրի մոտ ավտոմեքենան կայանելու խնդիրը և այլն։
Հակառակ դեպքում, հնարավոր է, որ ակնկալվող դրական արդյունքները հիմնականում չեզոքանան, և այս փոփոխության արդյունքում իսկապես մնա միայն «բյուջե լցնելու» գործառույթը։
Ի դեպ, նշենք, որ 2024թ. բյուջեի կատարողականի առումով կան մտահոգություններ, հաշվի առնելով նաև այն, որ 2019-ից 2022 թվականներին բյուջեի եկամուտները թերակատարվել են թե՛ հաստատված բյուջեի և թե՛ ճշտված պլանի մեծության համեմատ։ Իսկ 2023-ի երեք եռամսյակում էլ, բյուջեի ինն ամիսների կատարողականի հաշվետվության համաձայն, եկամուտների կատարողականը տարեկան ցուցանիշի կեսից մի փոքր է ավելի։
Ամփոփելով արձանագրենք, որ Երևան քաղաքի 2024թ. բյուջեի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սեփական եկամուտների «աննախադեպ» աճը ձևավորվելու է Երևանի քաղաքացու ֆինանսական բեռի, ծախսերի ավելացման հաշվին` պայմանավորված տուրքերի, վճարների և գույքային հարկերի դրույքաչափերի բարձրացմամբ: