Բաժիններ՝

Իսրայելի ռազմաօդային ուժերը 19 հարված են հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ու անօդաչուները հունվարի 17-ին 19 հրթիռային հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիա կուսակցության զինված կազմավորումների դիրքերին։ Այդ մասին  հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ըստ Al Nashra լրատվական հարթակի՝ զոհվել է «Հեզբոլլահ»-ի 2 մարտիկ, 6 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Նաև հաղորդվել է, որ սահմանամերձ Վազանի գետի հովտից մի քանի տեղացի ֆերմերներ շնչահեղձության ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել «իսրայելական հրետանու կողմից ֆոսֆորային արկերի արձակման պատճառով»։

Իրենց հերթին շիա ջոկատները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Իսրայելի հյուսիսում գտնվող Մենարա բնակավայրը: «Հեզբոլլահ»-ի Telegram ալիքում նշվում է, որ «Մենարայի ուղղությամբ կրակը բացվել է՝ ի պատասխան իսրայելական զորքերի գրոհների, որոնք հանգեցրել են լիբանանյան ավաններում բնակելի տների ավերածությունների»:

Ըստ հրապարակման՝ «Հեզբոլլահ»-ի մարտիկները նաև կառավարվող հրթիռներով Իսրայելի զինծառայողների սահմանակետերին են հարվածել Ռագեբում, Ռուվեյսաթում, Թել Շաարում և Էլ-Աբադում՝ նրանց պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ։

Al Nashra հարթակի տեղեկություններով՝ 2023 թ. հոկտեմբերի 8-ից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 հրթիռ և 350 կամիկաձե ԱԹՍ։ Դրա հետևանքով զոհվել է 12 զինծառայող և 7 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ 170 մարդ։ Ռազմական էսկալացիայի պատճառով Իսրայելի հյուսիսի ավելի քան 40 բնակավայրերից, այդ թվում՝ սահմանից 2,5 կմ հեռավորության վրա գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաքից, տարհանվել է 115 000 մարդ։ Լիբանանի հարավում իսրայելական գրոհների զոհ է դարձել 37 խաղաղ բնակիչ և «Հեզբոլլահ»-ի 159 մարտիկ։ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանվածների թիվը հասել է 150 հազարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս