ԱՄՆ-ն Կարմիր ծովում խոցել է ամերիկյան էսկադրային ականակրի ուղղությամբ արձակված հրթիռը
Ամերիկյան կործանիչը խոցել է հականավային թևավոր հրթիռը, որն ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակրի վրա է արձակվել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող տարածքներից: Այս մասին նշված է զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տարածած հաղորդագրությունում։
«Հունվարի 14-ին, (Սանայի ժամանակով) ժամը մոտավորապես 16:45-ին Եմենի՝ Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալների (խմբ․՝ վերահսկողության տակ գտնվող) շրջաններից հականավային թևավոր հրթիռ է արձակվել Կարմիր ծովի հարավային մասում գործող Laboon (DDG58) էսկադրային ականակրի ուղղությամբ: Հրթիռը խոցվել է Հոդեյդայի ափերի մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Վիրավորների և ավերածությունների մասին տվյալներ չկան։
Հունվարի 12-ին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք ավիահարվածներ էին հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Կարմիր ծովում նավերի վրա նրանց շարունակական հարձակումների: Գրոհներն իրականացվել են Ավստրալիայի, Նիդեռլանդների, Բահրեյնի և Կանադայի աջակցությամբ։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ավելի քան 60 հարված է հասցվել Եմենում հութիների 16 օբյեկտի։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն այնուհետև հաղորդել էր, որ հունվարի 13-ին նոր հարված է հասցվել ռադիոտեղորոշիչ կայանին։
Ավելի ուշ հութիների մամուլի ծառայության փոխղեկավար Նասրեդին Ամերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարվածը ոչ մի արդյունքի չի հանգեցրել, վիրավորներ, նյութական կամ մարդկային կորուստներ չեն եղել։