«Երևի մի օր կգնամ Արցախ, ու այնտեղ թուրք չի լինի, հույսս Աստծո վրա եմ դնում». Արցախից բռնի տեղահանված ընտանիքն օգնության կարիք ունի
Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում տեղահանված Բաղդատյանների 9 հոգանոց ընտանիքը բռնի տեղահանված շատ ընտանիքների նման շարունակում է բախվել տարբեր խնդիրների։ Բռնի տեղահանվելուց հետո 5 անչափահաս երեխաների հետ Գայանե և Մարատ Բաղդատյանները մի քանի օր գիշերել էին մեքենայում, մինչև Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտել էին վարձով բնակարան և տեղափոխվել այնտեղ՝ իրենց հետ տանելով նաև Մարատ Բաղդատյանի թոշակառու ծնողներին։
Այսօր արդեն 9 հոգով նրանք բնակվում են 3 սենյականոց բնակարանում, փորձում են աշխատանք գտնել, սակայն դեռևս չի հաջողվում, մեկ-երկու աշխատանքային առաջարկ ստացել են, սակայն ժամերին չեն հարմարվել, քանի որ իրենց խնամքին ունեն 5 երեխա։
168.am-ի հետ զրույցում Գայանե Բաղդատյանն ասաց, որ սկզբում բնակարանը վարձակալում էին ամսական 300.000 դրամով, սակայն մեկ ամիս հետո սեփականատիրոջ հետ խոսել են, որ աշխատանք չունեն, չեն կարող այդքան վճարել, ինչից հետո տանտերը բարեխղճություն է ցուցաբերել և վարձը դարձրել է 200.000 դրամ։
«Ո՛չ ես եմ աշխատում, ո՛չ ամուսինս, պետության կողմից տրամադրվող աջակցությունը ստացել ենք հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, դեկտեմբերին որևէ բան չենք ստացել։ Ամուսինս սակրավոր է, հուսանք՝ իր համար այստեղ աշխատանքի տեղ կբացվի, հիմա ուզում է ոչ մասնագիտությամբ աշխատանք գտնել, մինչև մի բան կլինի։
Մենք հաշվառվել ենք այս բնակարանում, որտեղ հիմա ապրում ենք, պարզվում է՝ մեզ նպաստ չի հասնում, բայց մենք՝ որպես բազմազավակ ընտանիք, Արցախում նպաստ էինք ստանում»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իր անչափահաս երեխաները՝ 3 տղա և 2 աղջիկ՝ 11, 10, 8, 5, 3 տարեկան, հաճախ են հարցեր տալիս Արցախի մասին, պահանջում վերադառնալ Արցախ. ասում են՝ իրենց բակն ու դպրոցն են ուզում։
«Ես դեռ ապագան չեմ պատկերացնում, հույս ունեմ, որ մենք կվերադառնանք Արցախ։ Մտածում եմ, մի օր արթնանալու ենք ու գնանք Արցախ, չգիտեմ, այսպես եմ պատկերացնում։ Ես այդ լավ օրվան եմ սպասում, երեխաներիս հետ անմիջապես կգնանք, եթե այնտեղ թուրք չլինի ու մենք ապրենք այնպես, ինչպես նախկինում էինք ապրում։ Հույսս Աստծո վրա եմ դնում, երևի մի օր կգնամ Արցախ, ու այնտեղ թուրք չի լինի, կապրենք այնպես, ինչպես նախկինում էինք ապրում, ունեինք մեր տունը, աշխատանքը…
Փոքր երեխաս 4 տարեկան է, ասում է՝ մամա, ես ուզում եմ գնամ մեր Ստեփանակերտ, մեր տունը, մեր բակում խաղամ։ Ասում է՝ իմ խաղալիքներն այնտեղ են, դուրս գալուց հետո որևէ բան չենք կարողացել վերցնել»,- ասում է Գայանե Բաղդատյանը։
Նա ասում է՝ Արցախում պոլիկլինիկայում էր աշխատում, չէր դժգոհում իր ապրելակերպից, հիմա էլ եթե պոլիկլինիկաներից որևէ մեկից առաջարկ լինի, կընդունի։ Ասում է, իրենից բացի, որևէ մեկի վրա հույս չի դնում, եթե աշխատանք լինի, կաշխատի ու սեփական կարիքները կհոգա։
«Մեզ հիմա պետք է աշխատանք, եթե աշխատանք լինի, մենք մեր կարիքները կհոգանք։
Արցախից բռնի տեղահանվածներից ում հետ խոսում ենք, բոլորն էլ ուզում են վերադառնալ իրենց տները, բայց ոչ Ադրբեջանի դրոշի տակ։ Ես իմ բարեկամներին միշտ ասում եմ՝ ձեր հույսը պահեք, ժամանակ է մեզ պետք, մի օր կգնանք Արցախ։ Ասում եմ՝ մի պատառ էլ սպասեցեք, ու կգնանք։ Ինձ ասում են՝ դու միշտ հույս ես տալիս, ես էլ ասում եմ՝ այո, ես պիտի գնամ Արցախ իմ երեխաների հետ»,- եզրափակեց Գայանե Բաղդատյանը։