«Հիմա ես երկու անչափահասներին վերցնեմ՝ ո՞ւր գնամ, կասե՞ք». արցախցիներին ամիսներ շարունակ չեն տրամադրվում բնակվարձերի գումարները

Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանվելուց, հայրենի հողից ու տնից զրկվելուց 4 ամիս անց էլ ՀՀ տեղափոխված արցախցիները չեն հաղթահարել  ֆինանսական դժվարությունները: Իսկ վարձակալությամբ բնակարան գտած մեր հայրենակիցների մի մասն ապրում է անմարդկային պայմաններում՝ չկարողանալով անգամ օրվա ապրուստը հոգալ:

Արցախի Մարտունու շրջանից Հայաստան եկած Սարգսյանների ընտանիքի մայրը 168.am-ին հայտնեց, որ իրենք դեռևս հոկտեմբերից  չեն ստացել բնակվարձերի համար նախատեսված 40+10 հազարական դրամները: Տան վարձն էլ, նրա խոսքով, պարտքով են վճարել: Շուտով նաև պարտատերերը կսկսեն պահանջել գումարը:

«Մեզ ասում են՝ սպասեք՝ մինչև հարցը լուծվի, տանտերն էլ, բնականաբար, չի ցանկանում սպասել: Նա իր գումարի տերն է: Կասի ՝չես կարողանում մուծել՝ դուրս արի, մեկ այլ մարդ կգա, ով կարողանում է վճարել: Հիմա ես երկու անչափահասներին վերցնեմ, ո՞ւր գնամ, կասե՞ք: Առանց այն էլ ամենալավ պայմաններում չենք ապրում»,- վրդովված ասաց արցախցի Արինա Սարգսյանը:

Արինայի մայրն էլ մինչև հիմա թոշակն ամիսներ շարունակ չի կարողանում ստանալ: Ասում են՝ դեռևս դեկտեմբերի կեսերին գրանցվել են: Փոխանցումները, սակայն, դեռ չեն կատարվել:

Կարդացեք նաև

«Մայրս հիվանդություններ ունի: Դեղեր պետք է գնենք, առանց դեղերի չի կարող երկար մնալ: Իր բուժումն էլ այդտեղ է կիսատ մնացել: Արդեն մի քանի ամսվա թոշակ չի ստանում: Չե՞ն մտածում, թե այս մարդիկ ոնց են գոյատևելու, ոնց են հոգալու իրենց ամենաանհրաժեշտ կարիքները»,- ասաց մեր զրուցակիցը:

Արինա Սարգսյանի խոսքով, իր ամուսինն աշխարհազորային է եղել: Իրենց դեռևս սեպտեմբերին Ստեփանակերտում վստահեցրել էին, որ գումարը մինչև հաջորդ տարվա հունվար վճարվելու է: Սեպտեմբերին, սակայն, կեսը  փոխանցել էին ու հայտարարել, որ այդ գումարն էլ չի լինելու: Արինայի ամուսինն այժմ աշխատանք չունի: Առողջական խնդիրներ ունի, բուժումը հետաձգել են՝ գումար չլինելու պատճառով: Միակ հույսը կառավարության խոստացած աջակցությունն է, որը, սակայն, ամիսներ շարունակ  չի փոխանցվում:

«Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ էին առաջացել: Մեզ սխալմամբ վերագրել էին այլ տվյալներ՝ հայտարարելով, թե այստեղ սեփականություն ունենք: Բայց ես դեռ ամիսներ առաջ բոլոր փաստաթղթերով ապացուցել եմ, որ, ցավոք սրտի, որևէ սեփականություն չունեմ: Եթե սեփականություն ունենայի, հիմա վարձի համար այսքան չէինք տանջվի ու պարտքի մեջ ընկնի: Հիմա արդեն չգիտենք՝ ինչ անել: Բոլոր անհրաժեշտ թղթերը ներկայացրել ենք: Ասել են՝ սպասեք, մինչև պատասխանը գա: Արդեն մեկ ամիս է՝ սպասում ենք: Ուզում ենք հասկանալ՝ ինչն է խնդիրը, որ չեն աշխատում: Ինչո՞ւ չի կարգավորվում այս խնդիրը»,- ասաց Արինան՝ հայտնելով, որ իրենց ընտանիքը միայն 100.000-ական դրամներն է ստացել: Դրանք էլ առաջին ամիսներին օգտագործել են ամենաանհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու ու տան վարձի համար:

«Մենք Արցախից ոչ մի բան չենք բերել մեզ հետ: Դատարկ ձեռքերով ենք եկել: Այստեղ ամեն ինչ նորից ենք սկսել, զրոյից: Այս ամբողջ ընթացքում էլ որևէ պարենային օգնություն չենք ստացել: Միայն Կարմիր խաչն է օգնություն ցույց տվել: Երկու դպրոցական երեխաներիս էլ հագուստ ու կոշիկ են տվել, որ ձմռանը կարողանան դպրոց հաճախել: Պարտքերով ու բարեկամների օգնությամբ ենք ապրում: Չգիտենք՝ ինչ էինք անելու, եթե այդ օգնությունը չլիներ, իսկ այս գումարները չլինելու դեպքում խնդիրներն ավելի կմեծանան»,- ասաց երկու անչափահասների մայր Արինա Սարգսյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս