
Արիության և համբերության մասին

Մի երևելի ծեր, որ բնակվում էր Թեբայիդում, սովորություն ուներ ամեն երեկո խրատել աշակերտին, աղոթել նրա վրա և ապա արձակել՝ գնալու իր մահիճը: Եվ եղավ, որ խոսելիս քունը պատեց նրան, և այդպես մնաց մինչև կեսգիշեր: Եվ աշակերտը, յոթն անգամ նեղսրտելով իր մտքում, կամենում էր գնալ և ննջել, սակայն դիմացավ և չգնաց. և ծերն արթնանալով` աղոթեցին և գնացին:
Եվ տեսիլք տեսավ ծերը. ահա նրա առաջ կային յոթ թագավորական թագեր, և ասվեց նրան.
«Դրանք քո աշակերտն ստացավ այս գիշեր»: Ուշքի գալով` ծերը կանչեց աշակերտին և հարցրեց, թե ի՞նչ էր արել այդ գիշեր, և աշակերտը պատմեց իր խորհուրդները:
Փառավորեց ծերը Քրիստոսին, որ այսպիսի փոքր համբերության համար տալիս է այդպիսի հատուցում, սակայն աշակերտին չհայտնեց իր տեսիլքի մասին, բայց օգտակարության համար պատմեց մյուս եղբայրներին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016