Փաշինյանը հերթով բավարարում է ադրբեջանական նախապայմանները. Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին արտահերթ ընտրությունների գնալու համար հիմնավոր պատճառներ չունի, քանզի մի կողմից՝ խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, մյուս կողմից՝ կա այնպիսի խորհրդարանական ընդդիմություն, որի հետ բանավեճում նա հաղթում է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Դավիթ Խաժակյանը, միևնույն ժամանակ շեշտելով՝ համաձայն չէ այն քննարկումների հետ, թե Փաշինյանը 2024 թվականին կգնա արտահերթ ընտրությունների, քանզի ցանկանում է խորհրդարանում ունենալ Արամ Զավենի Սարգսյանի պես գործիչներ՝ ներկայիս ընդդիմադիրների փոխարեն։
«Փաշինյանին ձեռնտու չէ արևմտամետներին խորհրդարան տանելը, որովհետև ցանկացած իշխանության համար ձեռնտու է այն ընդդիմությունը, որի հետ կարելի է բանավիճել և հաղթել միշտ»,- ասաց Խաժակյանը։
Դիտարկմանը՝ «Լուսավոր Հայաստան»-ի և Արամ Զավենի Սարգսյանի հետ կարելի է վիճել ու հաղթել, Խաժակյանը հակադարձեց՝ էդպես չէ։
«Հենց, օրինակ, Արամ Զավենի Սարգսյանն ունենա իր քվեն Ազգային ժողովում, արդեն հարցական է՝ արդյո՞ք կլինի կառուցողական այնպես, ինչպես Երևանի ավագանիում է։ Մյուս կողմից, եթե Փաշինյանը փորձի բանավեճի մեջ մտնել արևմտյան ուժերի հետ, այդ բանավեճում կարող է պարտվել»,- ասաց Խաժակյանը: Իսկ Փաշինյանի մարզային այցերը՝ դպրոցներ այցելելն ու կախիչներ պոկելը, դիտարկեց ընդամենն ընդդիմադիր Փաշինյանի տրամաբանությամբ գործող մարդու գործողությունների տիրույթում։
«Ժամանակին Փաշինյանը խորհրդարանում արտահայտում էր երկրում առկա դժգոհությունը, հիմա, ստացվել է այնպես, որ դա իր մոտ ստացվում է նաև այժմ, որովհետև քաղաքական այլ գործիչների մոտ չի ստացվում։ Փաշինյանը և՛ իշխանություն է, և՛ ընդդիմություն»,- հավելեց Խաժակյանը։
Մեր դիտարկմանը, թե և ընդդիմադիրի, և իշխանության գործառույթն իրականացնող Փաշինյանն այդ դեպքում կկարողանա՞ մտնել միայն իշխանության գործառույթների տակ և կատարել իր խոստումը՝ բերելով խաղաղություն ասվածը, Խաժակյանն արձագանքեց՝ Հայաստանի ղեկավարությունը, հասկանալով, որ Ադրբեջանը հակված չէ Խաղաղության պայմանագիր ստորագրելուն, բավարարում է նրանց բոլոր պայմանները։
«Փաշինյանը բացառիկ առաջնորդ չէ։ 2021 թվականին վերընտրված ղեկավար է, որը ստանալով վստահության քվե, ուզում է իրացնել իր պատկերացումները՝ Ադրբեջանի հետ ունենալ խաղաղության պայմանագիր՝ ծանր գնով։ Այդ ծանր գինը տրվեց, բայց Հայաստանի տարածքի հարցն է առաջացել, կա անկլավների խնդիր։ Հայաստանի ղեկավարությունը, հասկանալով, որ Ադրբեջանը հակված չէ պայմանագիր ստորագրելուն, հերթով բավարարում է ադրբեջանական նախապայմանները»,- ասաց Խաժակյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։