Արմեն Աշոտյանի գործով քննիչին շռայլորեն վարձահատույց են եղել. Շենգավիթի բաժնի ավագ քննիչից՝ մարզային վարչության պետ դառնալու ճանապարհը
2018թ. իշխանափոխությունից հետո փաշինյանական իշխանությունն իսկական որս սկսեց նախկին իշխանությունների տարբեր տրամաչափերի գործիչների նկատմամբ: Հարուցվեցին քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը չի հանգուցալուծվում մինչ այժմ: Հարուցված քրեական գործերով 5-6 տարի անց չկան դատավճիռներ, թեպետ, իհարկե, գտնվեցին քննիչներ, ովքեր փութաջանորեն սկսեցին նախաքննություն իրականացնել («Դե, տուն ենք պահում, ի՞նչ անենք…» պատճառաբանությամբ), ու որոշները մինչ այժմ իրականացնում են, դատախազներ, ովքեր պաշտպանում են մեղադրանքը, և, իհարկե, կան դատավորներ, ովքեր դակում են նախաքննության վճիռները: Փաստացի, նրանք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների թիվ մեկ գործիքը, որոնց միջոցով էլ «գործերը կարվում են»:
Իրավապահ համակարգի նշված ներկայացուցիչներից շատերը ինչ-որ պատահական զուգադիպությամբ կարիերային աճ են գրանցել հատկապես 2018թ.-ից հետո: Նրանցից է դեռևս բոլորովին վերջերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տիգրան Շոխոյանը: Վերջինս այն քննիչն է, ում ստորագրությամբ որոշումից հետո արգելափակվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը երկրից:
Հետո Տիգրան Շոխոյանը այս գործով «նախաքննություն» իրականացրեց, հաջողությամբ կազմակերպեց Արմեն Աշոտյանի կալանքը, և վերջինս արդեն 7 ամիս կալանավորված է: Օրեր առաջ էլ դատավոր Վահե Դոլմազյանը հերթական անգամ 3 ամսով երկարաձգեց Աշոտյանի կալանքի ժամկետը բոլոր հնարավոր համակցված խափանման միջոցների միջնորդության պարագայում, ու հիմա ՀՀ-ի քաղաքական դաշտում դժվար է գտնել մարդկանց, ովքեր Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ չեն համարում:
Քննչական կոմիտեի 37-ամյա բարձրաստիճան պաշտոնյայի կարիերային աճը սկսվել է 2018թ.-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, 2019թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, 2020թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, 2021թ.-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ):
Մինչ 2018թ.-ը Տիգրան Շոխոյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ էր:
Տիգրան Շոխոյանի կարիերային աճը, սակայն, փաստորեն շարունակվում է: Արմեն Աշոտյանի կալանքը հաջողությամբ գլուխ բերելու համար նրան շռայլորեն վարձահատույց են եղել. վերջինս նշանակվել է Արարատի մարզային քննչական վարչության պետի պարտականությունները կատարող:
Արգիշտի Քյարամյանը անհանգստանալու տեղ ունի. մի քիչ էլ Արմեն Աշոտյանը երկար մնա կալանավորված, Տիգրան Շոխոյանը կարող է հավակնել ՔԿ նախագահի պաշտոնին: